Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարևորել է պատվիրակության այցը Հայաստանի և Արցախի համար այս դժվարին ժամանակահատվածում:
«2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: Առկա փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը` հիմնված ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է համագործակցության հետագա զարգացման և եղած ներուժի համակողմանի օգտագործման համար»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Թիմ Լոութընը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է: Նա իր պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Էդուարդ Աղաջանյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը` նշելով, որ այս այցը նոր ազդակ կհանդիսանա խմբերի գործունեության աշխուժացման համար և հնարավորություն կընձեռի քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
Կարևորվել է նաև երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ստեղծված իրավիճակի մասին` Թիմ Լոութընը նշել է, որ պետք է բանակցել հարցի կարգավորման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության խնդրին:
Հայ խորհրդարանականներն իրենց երախտիքի խոսքն են հղել բարոնուհի Քերոլայն Քոքսին` հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև Արցախի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար: