Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ավարտին են հասցվել Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։
Նախադպրոցական նորակառույց հաստատությունն այսօր հանդիսավորությամբ բացվել է։ Ծրագրի ընդhանուր արժեքը կազմում է 43 մլն 397 հազար դրամ, որից 26 մլն 38 հազար դրամը տրամադրել է պետությունը, 17մլն 358 հազարը համայնքի բյուջեի համաֆինանսավորումն է։
«Շատ կարևոր եմ համարում կառավարության և համայնքի միջոցներով այս ձեռնարկների շարունակականությունը, բնականաբար, իրենց ներդրումներն ունեն նաև բարերարները։ Ինձ համար որպես Շիրակի մարզպետ, կարևոր է, որ մարզի յուրաքանչյուր բնակավայր ունենա նախակրթարան։ Պետության այն մոտեցումը, որ պետք է ունենանք 500 մանկապարտեզ և 300 դպրոց ամբողջ հանրապետությունում՝ կկարողանանք կյանքի կոչել միասնական ջանքերով։ Ուրախալի է նաև, որ այս տարի հնարավորություն կունենանք Ախուրյան խոշորացված համայնքում ևս մի քանի ծրագիր իրականացնել։ Այս պարագայում պետության համամասնությունն ավելի է շատացել, խոշորացված համայնքները կկարողանան դիմել ծրագրերից օգտվելու համար։ Այսօրինակ առիթները ոգևորում են, քանզի հնարավորություն ունենք մեր բալիկներին ուրախություն պարգևելու, կարծում եմ, որ մանկան խոսքն ու անկեղծ ծիծաղն ամեն ինչ արժեն»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի դռների և պատուհանների փոխարինման, սենյակների ներքին հարդարման, հատակների սալիկների մանրահատակի նորով փոխարինման, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերափոխման, նոր լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, այժմ ունի 40 երեխա։
Գույքի և կահավորման հարցը լուծվել է «Փարոս» հիմնադրամի և «Focus on Children Now» կազմակերպությունների աջակցությամբ։ Նույն կերպ կահավորվել է նաև Ջաջուռի մանկապարտեզը, որը ևս այսօր բացվել է։ Մինչև 25 երեխայի համար նախատեսված նախակրթարանն ունի խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, մարմնամարզության և խաղերի դահլիճ։ 17 մլն 579 հազար դրամ արժողությամբ ծրագրի 10 մլն 547 հազարը պետության համաֆինանսավորման չափն է, իսկ համայնքի ներդրումը՝ 7 մլն 31 հազար դրամ է։