ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը:
Ըստ այդմ՝ ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Նշենք՝ հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում՝ նրա՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր ունեն տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում` https://escs.am/):
Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս: Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով, 4-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով և հավաստագրերով, իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
Արդյունքներն ամփոփվելու են մրցումների ավարտից անմիջապես հետո:
Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected])։
Հարցերի դեպքում զանգահարել (010) 56-44-60, իսկ մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 84-40-41, (091) 84-40-41, (055) 84-40-41 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00։