«Ուրցաձոր համայնքի ղեկավարը 2007 թվականին գյուղխորհրդի նախկին շենքն է օտարել իր որդուն». սա նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին վերագրվող` տեսչական մարմնի արձանագրած երեք տասնյակ խախտումներից ընդամենը մեկն է:
Գեղամ Շախբազյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար) - Մասնավորապես, 2010 թվականին հող է օտարել իր կնոջը՝ Լիդա Խաչատրյանին, 1200 դրամ վարձավճարով, որից հետո` ընդամենը 4 օր անց, այն տրվել է Հայաստանի օպերատորներից մեկին վարձակալությամբ՝ ամսական արդեն 50 հազար դրամ վճարով:
Խախտումները, ըստ տեսչականի, արվել են տարբեր տարիներին: Oրինակ` համայնքի ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել մի քաղաքացու, որն էլ առուվաճառքի պայմանագրով հողամասը որոշ ժամանակ անց օտարել է Ռաֆիկ Անդրեասյանի որդուն, որդին էլ՝ քրոջը:
Իսկ քույրը կանոնադրական կապիտալում ներդրել է «Դեյվ» ՍՊ ընկերությունում, որը իրենից ներկայացնում է ավտոգազալցակայան, իսկ այդ նույն հողատարածքի վրա արդեն իրականացրել են ինքնակամ բազմաթիվ կառույցներ:
Մեկ այլ դեպքում Անդրեասյանը փոխել է գյուղատնտեսական հողամասի նպատակային նշանակությունը արտադրական-գործառնականի՝ վերամշակող չրանոց կառուցելու համար, այնինչ տվյալ հողամասի վրա, ըստ տեսչական մարմնի, կառուցվել է հասարակական շինություն: Մեկ այլ դեպքով էլ գյուղատնտեսական հողամասի վրա ինքնակամ լիճ է կառուցվել:
Քանի որ ստուգումներում արձանագրված խախտումները առերևույթ պարունակում են օրենքով արգելված դրույթներ, տեսչական մարմինը պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է գլխավոր դատախազություն: Ռաֆիկ Անդրեասյանը համայնքը ղեկավարել է ավելի քան 20 տարի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան