Արտակարգ իրավիճակների նախարարությունում արտակարգ իրավիճակ է: Նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար: Փիլոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Նախարարի պաշտոնը նա զբաղեցնում է 2020-ի նոյեմբերից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող աղմկահարույց քրեական գործով ևս 8 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, ավելի քան 10 անձ՝ կասկածյալի:
Գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձինք կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ են կատարել: Բացի նախարարից, գործով ներգրավված են նրա խորհրդականը, նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Պարզվել է, որ նախարար Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ գործակցող ընկերության օգտին գործողություններ կատարելու համար իր խորհրդականի օժանդակությամբ 2022 թ. ստացել է խոշոր չափի կաշառք:
Խորհրդականի բնակության վայրի խուզարկությամբ առգրավվել են հրազեն և ռազմամթերք:
Մեկ այլ դրվագով էլ նախարարը ջեռուցման համակարգի տեսքով է կաշառք ստացել, որի ստանալուն միջնորդել է նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը:
Բացի այդ, մեկ այլ ստորաբաժանման ղեկավար էլ իր ծանոթին փրկարար ծառայության ջոկատներից մեկի հրամանատար նշանակելու դիմաց է նախարարին կաշառք առաջարկել. նա ընդունել է առաջարկը: Նույն ղեկավարը նախարարության տարբեր ստորաբաժանումներում քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար նրանցից պահանջել և ստացել է 2000-2500 դոլար ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները 2021 թվականի հոկտեմբերին խաբեությամբ կազմակերպել են փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, ապա պարգևատրվողների օժանդակությամբ հափշտակել պարգևավճարները:
Խախտումներ են արձանագրվել նաև մրցույթների կազմակերպման ընթացակարգերում:
Նախարարի խորհրդականը, փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարները կալանավորվել են, մյուսները՝ ստորագրությամբ ազատ արձակվել:
Աննախադեպ կոռուպցիոն այս գործին գործադիրի նիստում անդրադաձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շատ ցավալի փաստ է: Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես ուզում եմ արձանագրել, իմ վերաբերմունքն արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքային պահենք:
Երկրի ղեկավարի խոսքով՝ գործով նախաքննությունը շարունակվում է և միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո հնարավոր կլինի որևէ եզրակացություն անել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան