ԱՄՆ-Ն ԿՐՃԱՏՈՒՄ Է ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին նախատեսում է տրամադրել 24 մլն դոլարի աջակցություն, Վրաստանի և Ադրբեջանի համար առաջարկվում է, համապատասխանաբար, 88 մլն և 9,7 մլն դոլարի օգնություն: Նախագիծը դեռևս պետք է լրամշակվի և հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից, որի ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, աջակցության ծավալները կարող են վերանայվել, իսկ կոնգրեսականների ջանքերով նախագծում կարող է տեղ գտնել նաև Արցախի ականազերծման ծրագրի համար նախատեսված կետ: Համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո միայն նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի նախագահ Բայդենի ստորագրմանը:
Միացյալ Նահանգների 2022 թվականի բյուջեով Հայաստանի համար հատկացրել է 45 մլն դոլար և ևս 2 մլն դոլար՝ Արցախին:
ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են` հայտարարել է Ուկրաինայի նախագահը, նաև հավելել, որ այս պահին, սակայն, կան միայն խոսքեր, ոչ մի կոնկրետ գործողություն: Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով Ստամբուլում կայացած խաղաղ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի հայտարարությանը, թե կսահմանափակի գործողությունները Կիևի և հյուսիսային Չեռնիգով քաղաքի շրջանում, նշել է, որ դա դուրսբերում չէ: Նա հավելել է, որ հակառակը՝ Ուկրաինան տեսնում է «ռուսական ուժերի նոր կուտակումներ Դոնբասին մոտակայքում»: Զելենսկին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած իր հեռախոսազրույցի մասին: Նախագահները քննարկել են ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ օգնության հարցը, պատժամիջոցներն ու բանակցությունների ընթացքը Ռուսաստանի հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային 500 մլն դոլարի օգնություն տրամադրել։
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ռուս-ուկրաինական բանակցություններին է անդրադարձել նաև Մոսկվան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դեմառդեմ խաղաղ բանակցությունների վերջին փուլում «զգալի առաջընթաց» է գրանցվել։ «Սա դեռ վերջնական արդյունքը չէ: Սակայն ուկրաինացի բանակցողները վերահաստատել են, որ Ուկրաինան պատրաստ է ընդունելու ոչ միջուկային և չեզոք երկրի կարգավիճակ: Ես դա համարում եմ զգալի առաջընթաց»,- ասել է Լավրովը Չինաստան այցի ընթացքում:
ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Չինաստանում կայացած Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը դատապարտում է տարբեր երկրների նկատմամբ սահմանվող միակողմանի պատժամիջոցները:
Հանդիպմանն Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևանության քաղաքականությունն է և հարաբերությունների ընդլայնումը հարևան երկրների հետ:
Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրան-Ռուսաստան համագործակցության զարգացման համար առկա հնարավորություններին՝ Աբդոլլահիանն ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նշելով, որ Մոսկվան շահագրգռված է հարևանների, հատկապես՝ Իրանի հետ համապարփակ համագործակցությամբ, Սերգեյ Լավրովը կարևորել է երկու երկրների հարաբերություններն ու ընդգծել երկկողմ համագործակցությունը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը:
ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։ Զելենսկին ընդգծել է, որ արդյունավետ աշխատանք և «կոնկրետ արդյունքներ» է ակնկալում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում դիվանագիտական առաքելություններից, ինչպես նաև ռազմական կցորդներից:
ՄԱԿ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԿՀԱՎԱՔԻ
Մարդկության մեկ քառորդը՝ 2 մլրդ մարդ, այսօր հակամարտության գոտիներում է ապրում, և աշխարհը բախվում է 1945 թ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենակատաղի հակամարտություններին՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով՝ 84 մլն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները հակամարտությունների, բռնությունների և մարդու իրավունքների խախտումների պատճառով: «Իսկ այս տարի, մեր հաշվարկներով, առնվազն 274 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ուկրաինայում ռազմական հանցագործությունները քննող հանձնաժողով է ստեղծել՝ Ուկրաինայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջարկով: ՄԱԿ-ի խորհուրդը նշանակել է հանձնաժողովի երեք անդամների, որոնք ապացույցներ կհավաքեն Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Այն պետք է հարցաքննի վկաների և հավաքի ապացույցներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել դատական գործընթացներում։