Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությանը:
Վարչապետը նշեց, որ դա առնչություն ունի ԱԻՆ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ իրավապահ մարմինները խուզարկություն են կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այս պահի դրությամբ կան ձերբակալված անձինք, ձերբակալվել է նաև նախարար Անդրանիկ Փիլոյանը:
«Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է: Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ, բայց ես ուզում եմ արձանագրել, իմ վերաբերմունքն արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքային պահենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո կարելի է որևէ եզրակացություն անել:
«Հաճելի չէ այս իրավիճակը, բայց, կարծում եմ՝ հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ մեր բոլորի հավասարությունը շատ ավելի կարևոր են: Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ՝ օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե պարզվի կամ ապացուցվի մեղավորությունը»,- ասաց ՀՀ վարչապետը: