ՆՈՐ ՆՇԱՁՈՂ՝ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գործադիրը 3 մլրդ 114 մլն դրամ հատկացրեց Վանաձորն Աթան բնակավայրին կապող հանրապետական նշանակության ճանապարհի, Թեղուտի և Երևան-Սևան-Իջևան ճանապարհին գտնվող կամուրջների նորոգման համար: Վարչապետը նկատեց՝ մեկնարկում է շինարարության սեզոնը, հետաքրքրվեց, թե ի՛նչ փուլում է ավելի քան 500 կմ ճանապարհների կառուցումը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 568 կիլոմետրը ներառում է 87 ճանապարհ, 87 վայրում պետք է իրականացնենք շինարարություն, տարբեր փուլում են, մոտ 366 կմ-ը բավական առաջ գնացել ենք, հաղթող ընկերություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսները ընթացքում են: Այս ոլորտում բյուջեում հատկացված է 47,1 մլրդ դրամ, մոտ 22 միլիարդը վերցրել, սկսել ենք ըստ ծրագրերի բաշխել, 3,1 միլիարդ այսօր ենք վերցնում, բաշխում:
Նախարար Սանոսյանը հայտնեց նաև Իջևանից Բերդ՝ Իծաքար-Գանձաքար 35 կմ հատվածի նորոգման մասին: Մրցույթը կայացել է, մոտ 20 օրից կսկսվեն շինաշխատանքները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում ընթացող լայնածավալ ճանապարհաշինությանը. Տաթև-Լծեն ճանապարհը Սիսիանի մոտակայքում կմիանա Մ2 ճանապարհին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եվ Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը, պլանավորում էինք, որ այս տարի ավարտենք, արդյունքում՝ Կապանից Երևան կունենանք նոր ճանապարհ: Հիմա ունենք, ևս մեկը կունենանք, Տաթևի ոլորանները կշրջանցի, ժամանակի, կիլոմետրի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրքաղաքի հետ ավելի կարճ կլինի, ավարտին կհասցնե՞նք:
Նախարարի տեղեկացմամբ՝ ճանապարհաշինական աշխատանքները ձմռանն էլ են ընթացել, միայն 10 օր են դադարեցվել՝ առատ ձյան պատճառով, շուտով կվերսկսվեն: Տաթև-Լծեն ճանապարհի 15.2 կմ հատվածը պատրաստ է ասֆալտապատման: Վերին Խոտանանի առումով կառուցվում է 11 կմ շրջանցիկ ճանապարհ:
Գնել Սանոսյան - Բոլորի պարագայում նախատեսում ենք ասֆալտապատել, կան, որ եռաշերտ է, մեկ տարում կհասկանանք՝ վերջին՝ երրորդ շերտը պետք է այս տարի տեղադրենք, այնուամենայնիվ, կասֆալտապատենք:
Նիկոլ Փաշինյան - Տաթև-Աղվանիի պարագայում առաջին շերտը դրեցինք, թողեցինք, որ ձմեռն անցնի, ահազանգեր կան, որ որակն այն չէ, պատճառն այն է, որ չեն ավարտվել, տեսչականները կստուգեն, առնվազն բոլոր տեղերում վերևի շերտը պետք է տեղադրվի, նամակներ եմ ստանում, ասում են, որ որակն այնքան էլ լավ չէ, դա է պատճառը: Վերին Խոտանան գյուղ չի մտնելու, ով ուզում է՝ կմտնի, Տաթևի մոտակայքից հնարավորություն կա բեռնատարների համար, առանց ոլորանների հաղթահարման, շարունակել ճանապարհը, կարևոր ուղղություն է:
Տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու համար վարչապետն անհրաժեշտ համարեց կապիտալ ծախսերը բարձր կարգապահությամբ իրականացնել: Փաշինյանի խոսքով՝ վերջապես կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու հնարավորություն կա: Ֆինանսների նախարարն էլ նշեց՝ 2021-ի արդյունքով ունեն 218 մլրդ դրամ կամ կապիտալ ծախսերի նկատմամբ 92.3 տոկոս կատարողական, ինչը բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով: Մեկ հարց, պարո՛ն վարչապետ, որ առաջացել է՝ հնարավոր հարկային նվազումների հետ կապված, պարզաբանել ենք գործընկերներին՝ եթե այդպիսի նվազում լինի, ներգրավելու ենք միջոցներ, չի ազդի ծախսային պարտավորությունների կատարման վրա:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր ուղերձ է մեր տնտեսական դաշտին, աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել՝ 350 մլրդ դրամի չափով, երբեք չի եղել նման ցուցանիշ, անկախ ամեն ինչից, այդ կապիտալ ծախսերն իրականացնելու ենք:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ
ՊԵԿ-ն ուրբաթ կամփոփի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների տվյալները: Նշվեց, որ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների՝ այն գերակատարվել է:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Խոսքը առաջին եռամսյակի տվյալը մի քանի միլիարդով գերակատարելու մասին է, այն պարագայում, երբ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը, մոտ 6 մլրդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք:
ԵԱՏՄ գումարի հետ կապված խնդիրը տեխնիկական է. վարչապետը կարևորեց՝ չնայած դրան, պլանը գերակատարվել է, հույս հայտնեց, որ նույն տեմպով առաջ կշարժվեն: