ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթևոս Ասատրյանը և Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին:
Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» և Շրջակա միջավայրի նախարարության Թվինինգ ծրագրերի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:
Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կարևորել է Հայաստանի համար դժվարին ժամանակներում չեխ գործընկերների այցը, արժևորել նրանց հետ շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաև միջազգային համաձայնագրերին համապատասխան օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկումը, փորձի փոխանակումը:
Հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող չեխական օրենսդրությամբ, մասնավորապես՝ պոչամբարների մաքրման աշխատանքներով, ներկայացրել վերջերս ընդունված ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի արդյունքում ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիի 2 տոկոսը կփոխանցվի ազդակիր համայնքներին:
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ անցած երեք օրերին եղել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Դիլիջանի ազգային պարկում, «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում» ծանոթացել եղջերուների խնամքին:
Զրուցակիցները փաստել են` երկու երկրներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները նման են. Չեխիայում նույնպես խնդրահարույց է պոչամբարների առկայությունը:
Չեխ գործընկերները կարծում են, որ Հայաստանը կարող է զարգացնել զբոսաշրջությունը՝ շեշտը դնելով արգելոցներ այցերի վրա:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարությունն առաջնային է համարել, և այդ նպատակով միջոցառումներ են իրականացվում:
Քննարկվել են բնապահպանությանն առնչվող այլ հարցեր: Զրուցակիցները կարևորել են համագործակցության շարունակականությունը: