Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը:
Եվ հույս ունեմ՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց վարչապետը:
Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվել է հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունն անարձագանք է թողնում այդ հարցը:
«Այս տվյալը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ, և Հայաստանը մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, գրավոր պատասխանել է այդ առաջարկին: ՀՀ արտաքին գործերի նախարարն էլ հստակ նշել էր, որ «Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը»:
«Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:
Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:
Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Ադրբեջանի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա, ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում:
Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն, և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից: Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի:
Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը:
Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ այս անվանման օգտագործումը միանշանակ լեգիտիմ է, այլոց թվում նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: