Թուրքիայի և Հայաստանի միջև թռիչքների վերականգնումը, հատուկ ներկայացուցիչների նշանակումը կողմերի միջև փոխվստահության բարձրացման քայլեր են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Ahaber լրատվականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել սահմանային գետերի հուների հստակեցման հետ կապված հարցերում, սահմանների բացման դեպքում՝ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված հարցերի կարգավորման ուղղությամբ:
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Անթալիա էր ժամանել: Ես ցանկանում էի, որ եռակողմ հանդիպում կայանար (խմբ. - Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ»,- ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ թուրքական կողմը մշտապես խորհրդակցություններ է վարում Ադրբեջանի հետ, և պաշտոնական Բաքուն լիովին աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել մեկ օրում, և անհրաժեշտ է փոխադարձաբար քայլեր ձեռնարկել: