«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:
Ինչպես նշել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցների օգնությամբ կստանան պրակտիկ գիտելիքներ և ակտիվ կմասնակցեն վերաբրենդավորվող բաժանմունքների շինարարական աշխատանքներին: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանք կարիերա սկսելու արագ տեմպերով զարգացող մեր ընկերությունում»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է. «Որակյալ կրթությունը զարգացման կարևորագույն ուղենիշներից է, և այս համատեքստում կարևորում եմ «ՀայՓոստի» հետ համագործակցության վավերացումը: Նմանօրինակ համգործակցությունների արդյունքում է հենց ձևավորվում գործատու-ուսանող ամուր կապը, իսկ համալսարանը, իր բոլոր հնարավորությունները ներդնելով, պատրաստում է այնպիսի մասնագետներ, որոնք առանց խոչընդոտների ինտեգրվում են աշխատաշուկայում: Ուրախ եմ, որ «ՀայՓոստում» աշխատում են մեր շրջանավարտները, և այսուհետ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել «ՀայՓոստում»: Այն ոչ միայն կնպաստի մեր ուսանողների կրթական և ուսումնագիտական ծրագրերով պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը, այլև մեր երկու կողմերի՝ համալսարանի և «ՀայՓոստի» աշխատակիցների համար ստեղծագործական լայն հնարավորությունների հարթակ կձևավորվի: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում մասնագիտական քննարկումների, սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձևավորմանը: Բարի երթ եմ մաղթում բոլորիս»:
«ՀայՓոստի» մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ «ՀայՓոստը» որակյալ աշխատանքով կապահովի ուսանողներին իր ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրում: «ՀայՓոստը», լինելով ՀՀ-ի ամենամեծ ընկերություններից մեկը, մշտապես ունի երիտասարդ, նախաձեռնող աշխատակիցների կարիք»:
Հուշագրով նաև ամրագրվել է բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը «ՀայՓոստում»։
Հանդիպման ավարտին Հայկ Կարապետյանը և Եղիազար Վարդանյանը ուսանողների, դասախոսական կազմի հետ քննարկել են ճարտարապետության, շինարարության և լոգիստիկային վերաբերող հարցեր, դրանք «ՀայՓոստում» կիրառելու առավել արդյունավետ ձևաչափերը: