Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ փոխըմբռնման հուշագրի կնքումը կնպաստի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող կամ աշխատելու պատրաստակամություն ունեցող ՀՀ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Հավանության է արժանացել նաև 2022 թ. մարտի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «Կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Ծրագրի հիմնական նպատակներից է հանրային նշանակության 20 շենքերում՝ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը: Աջակցություն է նախատեսվում էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացման և և զարգացման համար:
Նախատեսվում է նաև նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ: