Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը:
Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:
Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են աջ ու ձախ ձեռքերով:
Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մարզիկներ՝ շուրջ 25 մարդ, որոնք անմասն չեն մնացել մեդալներից՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:
Մրցաշարին ներկա են եղել ու հաղթողներին պարգևատրել ՀՀ ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն ու Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը:
Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնության արդյունքներով ձևավորվել է հավաքական թիմը: