Մարտի 15-ից գործող՝ հանրային սննդի վայրերում ծխելու արգելքն այսօր կլոր սեղանի շուրջ էր հավաքել գործադիրի, օրենսդիրի ու սահմանափակման անմիջական կրողներին: Տնտեսական հարցերի հանձնաժողովում կազմակերպված քննարկման պատճառը նարգիլե ակումբների սեփականատերերից ստացած նամակներն են: Եթե սննդի մյուս կետերի այցելուները և՛ ծխողներն են, և՛ չծխողները, ապա այս դեպքում փակվելու առաջ է հայտնվել իրենց ամբողջ բիզնեսը՝ դժգոհեցին տնտեսվարողները:
Ժորա Փանոսյան («Նարգիլե գործարար համագործակցության միություն» ՀԿ ղեկավար) - Դեռևս բաց ենք, շարունակում ենք վնասներ կրել, վճարում ենք տուրքերը, հարկերը, աշխատավարձերը, սպասում ենք փոփոխության, եթե մոտ ժամանակներս փոփոխություն չլինի օրենքում, ստիպված պտի փակվենք, որովհետև վնաս կրելն անհնար է:
Բիզնեսը փոփոխության իր տարբերակն ունի, առաջարկում են իրենց հանել հանրային սննդի օբյեկտների ցանկից, տալ հնարավորություն գործել որպես մասնագիտացված ակումբ՝ առանց խոհանոցի, միայն նարգիլեի մենյուով: Դրա դիմաց գործունեությունը լիցենզավորել՝ բարձր տուրքով:
Ժորա Փանոսյան - Ձեր համար տանելի բեռը ինչքան է:
- Ինչպես նշել ենք քննարկումների ժամանակ՝ 1.5-2 միլիոն դրամ տարեկան:
Այս մոտեցումը ընդունելի չէ Արսեն Թորոսյանի համար: Նախկինում փորձագետ, հետո՝ առողջապահության նախարար, այժմ պատգամավոր Թորոսյանն օրենքի ակտիվ պաշտպանն էր, քննարկմանը հիշեցրեց՝ սահմանափակումը 2 տարի ուշացմամբ ուժի մեջ մտավ, որ բիզնեսը հասցներ վերապրոֆիլավորվել, հիմա մեկին արտոնություն տալը, մյուսին չտալը սխալ է:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բացառություն սահմանելով՝ գալու են հաջորդ բացառությունը սահմանել ցանկացող մյուս տնտեսվարողները, օրինակ՝ էլեկտրոնային սիգարետներ, հետո՝ վեյպեր, հետո վերջում կպարզվի՝ դասական սիգարետն է մենակ մնացել դրսում, ու օրենքիամբողջ ճարտարապետությունը, որն առողջության մասին է միայն, կքանդվի:
Շրջանառության 70-80 տոկոսը հենց նարգիլեից ստացված եկամուտն էր՝ արձագանքեցին ներկա բիզնեսմենները: Ռուսական փորձը վկայակոչեցին, որտեղ ծխելն արգելված է 2013-ից, բայց նման օբյեկտների գործունեության համար պատուհան է թողնված:
Ջոն Կասպարով (տնտեսվարող) - Կան մարդիկ, որ օգտվում են դրանից, սիրում են դա, նամանավանդ ունենք շատ մեծ տուրիստների հոսք, որոնց երևի 70 տոկոսը օգտվում է մեր ծառայություններից:
Արշակ Սամսոնյան (տնտեսվարող) - Մեր մոտ առանց կալիանի հյուր չունենք, էսօր գալիս են մարդիկ, որ չեն սպասարկում՝ դուրս են գալիս: Հա՛, կան բացառություններ՝ լավ, մի հատ հաց ուտեմ գնամ, բայց դա կազմում է 4 տոկոս:
Տնտեսվարողները վստահ են՝ լիարժեք արգելքը կհանգեցնի ստվերային ակումբների ստեղծմանը: Նրանց այս տնտեսական հիմնավորումներին ոլորտի փոխնախարարն առողջապահական փաստարկներն է հակադրում: Նարգիլեն միզապարկի քաղցկեղ է առաջացնում, իսկ անչափահասների համար այն առավել վտանգավոր է: Նանուշյանը երեխաների առողջության ինստիտուտի ուսումնասիրությունը վկայակոչեց:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության փոխնախարար) - Դեռահասների ամեն հինգերորդը վերջին մեկ ամսվա ընթացքում նարգիլե ակումբ է հաճախել ու նարգիլե է ծխել:
Այս հայտարարությունից հետո բուռն քննարկում սկսվեց, բայց արդեն՝ դռնփակ: Մոտ երկու ժամ ակտիվ բանավեճ էր, բայց վերջնական որոշում չկայացվեց, քննարկումները կշարունակվեն: