ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐԸ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պատրաստ են նոր հանդիպման: «Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում առնվազն Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով կարող է հանդիպում լինել»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Ստամբուլում երկու երկրի պատվիրակությունների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ավելի նշանակալի հարցեր» քննարկվեն ավելի բարձր մակարդակում։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ պատվիրակությունների տեխնիկական բանակցությունները կշարունակվեն: «Հաջորդ փուլը լինելու է երկու երկրի ղեկավարների հանդիպումը»,- ասել է նա։
Պուտին-Զելենսկի հանդիպմանն անդրադարձել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը նախատեսում է այս շաբաթ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ՝ ևս մեկ անգամ բարձրացնելով կողմերի հնարավորինս շուտ հանդիպման կազմակերպման հարցը:
ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ. ՊՈՒՏԻՆ
«Դեռ չի հասունացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպելու ժամանակը, ոչ էլ կրակի դադարեցման պայմաններ են առկա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Ես Պուտինին հայտնեցի, որ Զելենսկու հետ հանդիպումը կարևոր է համաձայնագրի հանգույցները լուծելու համար։ Պուտինը նշեց, որ ժամանակը դեռ չի եկել»,- ասել է Իտալիայի վարչապետը: Դրագին նաև նշել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը Իտալիան տեսնում են որպես Կիևի անվտանգության երաշխավոր։
ՀԱՆՐԱՔՎԵ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ՝ ՌԴ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ռուսաստանին միանալու վերաբերյալ Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու գաղափարը ժողովրդի կամարտահայտությունն է, Ռուսաստանի իշխանությունները հարգում են այն` հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել։
Հարավային Օսիայում ՌԴ-ին միանալու շուրջ հանրաքվեի անցկացման լուրերին արձագանքել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ դա անընդունելի անվանելով։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Բեքա Դավիթուլիանիի խոսքով՝ Վրաստանն այդ որոշմանը չի պատասխանի «ուժային մեթոդներով», սակայն այսօր հնարավորություն ունի «նման քայլերին պատասխանել «միջազգային մեխանիզմների միջոցով»։
Ավելի վաղ չճանաչված հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտնել էր, որ Հարավային Օսիան պատրաստվում է առաջիկայում իրավաբանական գործընթաց սկսել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար: Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ապրիլի 10-ին նշանակված երկրի ղեկավարի ընտրություններից հետո:
ԻՐԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է 2231 ԲԱՆԱՁԵՎԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին ամերիկյան կողմի հայտարարություններին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Սաիդ Խաթիբզադեն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտելու համար:
«Այդ գործողությունները վկայում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հակառակ իր հայտարարությունների, օգտագործում է ցանկացած հնարավորություն, որպեսզի առանց որևէ հիմքի ուժեղացնի Իրանի ժողովրդի նկատմամբ գործադրվող ճնշումը»,- ասել է Խաթիբզադեն:
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի ևս մեկ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։