ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նկատեց, որ մեկնարկում է լիարժեք շինարարության սեզոնը, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ծրագրված 500 կմ ճանապարհների հիմնանորոգումը կամ նորոգումը ինչպես է իրականացվում:
«Դեռ 2021 թվականից, որ նախապատրաստվել ենք 2022-ի համար, ընդգրկել ենք շուրջ 568 կմ ճանապարհ, որոնց համար սկսվել են տարբեր նախապատրաստական աշխատանքներ: Այդ 568 կմ-ն իր մեջ ներառում է 87 ճանապարհ. 87 վայրում պետք է իրականացնենք շինարարություն, և դրանք տարբեր փուլում են: Դրանցից մոտ 366 կմ-ի դեպքում արդեն բավական առաջ գնացել ենք, հաղթող ընկերություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսներն ընթացքի մեջ են: Եթե թվերով նայենք՝ այս ոլորտում նախարարությանը բյուջեից հատկացվել է 47.1 մլրդ դրամ, մինչ այս պահը մենք մոտ 22 միլիարդն արդեն վերցրել ենք և սկսել ենք ըստ ծրագրերի բաշխել, 3.1 միլիարդն էլ այսօր ենք վերցնում, բաշխում: Կստացվի արդեն 47-ից 25 միլիարդը հատկացվել է Կառավարությանը, որպեսզի համապատասխան աշխատանքներ իրականացվեն»,- ասաց Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ մրցույթ է կայացել, և առաջիկայում կսկսվի Իջևանից Բերդ գնացող Իծաքար-Գանձաքար ճանապարհի 35 կմ հատվածի շինարարությունը:
«Բավական ակտիվ մրցակցություն եղավ, արդեն շահող ընկերություն կա, և մոտ ժամանակներս գումարը կհատկացնենք, ընկերությունը նախատեսում է 20 օրում աշխատանքները սկսել»,- նշեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նաև Սյունիքի մարզում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում:
«Տաթև-Լծեն ճանապարհահատվածը, որը Սիսիանի մոտակայքում պիտի միանա նաև Մ2 ճանապարհին, և Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք, որ այս տարի ավարտենք: Արդյունքում՝ հիմա արդեն ունենք Կապանից Երևան նոր ճանապարհ: Եվս մեկ ճանապարհ կունենանք, որն արդեն Տաթևի ոլորանները կշրջանցի, և ըստ էության, և՛ ժամանակի առումով, և՛ կիլոմետրի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարարը հայտնեց, որ այդ ճանապարհները 6-ն են, և այնտեղ ամբողջ ձմեռ շինաշխատանքներ են իրականացվել. «Միայն վերջերս առատ ձյան պատճառով աշխատանքները դադարցվել են, բայց առաջիկա օրերին կրկին կշարունակվեն: Ինչ վերաբերում է Տաթև-Լծենին, ապա 19.9 մոտ 20 կմ-ց 15.2 կմ ամբողջովին պատրաստ է:
Ընդ որում՝ մեկ շինարարական ընկերություն իր ամբողջ հատվածը պատրաստել է և վերջնական շտկումներն է անում ասֆալտապատման աշխատանքների համար: Վերին Խոտանանի առումով 11 կմ միջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Արդյունքում՝ բեռնատարները գյուղից դուրս կբերվեն: Բացի այդ, այս պահին գործող հատվածում կա 16 ոլորան, փոխարենը նոր հատվածում կունենանք 6 ոլորան»: