Դավիթը երեք շաբաթ առաջ է ծնվել ու ընտանիքին նոր ջերմություն բերել: Լաուրայի ավագ որդին 16 տարեկան է, կրտսերը՝ 14, երրորդ երեխայի մասին միշտ են մտածել: Ասում է՝ ամեն երեխա իր հետ երջանկություն ու հաջողություն է բերում:
Լաուրա Ղազարյան - Պետք չի բավարարվել մեկ երեխայով, պետք է շատ բալիկներ ունենանք: Հպարտ եմ, որ ունեմ երեք որդի, երեք զինվոր, Աստված տա՝ խաղաղություն լինի երկրում, որ իրանք կարողանան ծառայեն մեր բանակում:
Մեր երկրում ծնելիության աճը խթանելու նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում: Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նման միջոցառումներից մեկն էլ մեկնարկել է 2022-ի հունվարին: Եթե ընտանիքում ծնվում է երրորդ և հաջորդ երեխան, պետությունը դրամական աջակցություն է տրամադրում՝ ամսական 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը: Լաուրան էլ շուտով ծրագրի համար դիմում կներկայացնի:
2022 թ. հունվարից մինչև մարտի 29-ը հաստատվել է 1335 դիմում, 927-ը մարտ ամսվա դրությամբ դրամական աջակցությունը ստացել են: Մյուս դիմումները, որոնք հաստատվել են մարտին, վճարման կուղարկվեն ապրիլին:
Տաթևիկ Միքայելյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ) - Միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում տրվում է յուրաքանչյուր երեխային հնարավոր ամենաբարձր կարգաթիվը: Պայմանական՝ ընդունենք ընտանիքում երեխաներ չկան, և ծնվում է միանգամից եռյակը՝ յուրաքանչյուր երեխայի կարգաթիվը դառնում է 3՝ ամենաբարձրը, և աջակցությունը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար: Այսինքն՝ ընտանիքը երեք երեխաների համար միասին ստանալու է 150 հազար դրամ ամսական:
Դիմումներն ընդունվում են և՛ առձեռն՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելով, և՛ առցանց: Այս դեպքում դիմում ներկայացնելու համար պետք է այցելել socservice.am, ընտրել «Առցանց դիմումներ» պատուհանը, «Կենսաթոշակ և նպաստներ» բաժինը, ապա մուտքագրել «Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը և հետևել քայլերի հաջորդականությանը:
Տաթևիկ Միքայելյան - Վճարվում է անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Ծնողն ինքն է ընտրում բանկը, որտեղից պետք է ստանա, և կարևոր հանգամանք պետք է նկատի ունենալ, որ տարեկան մեկ անգամ ծնողը, ում նշանակվել է դրամական աջակցությունը, պարտավոր է ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Եթե չի ստորագրում էս հայտարարությունը տարեկան մեկ անգամ, վճարումը դադարեցվում է:
Վճարումը դադարեցնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ծնողը կարող է գնալ բանկ և ստորագրել հայտարարությունը: Այդ դեպքում վճարումը կիրականացվի դադարեցման պահից: Հետադարձ ուժ չունի, և բաց թողնված ամիսների համար վճարում չի կատարվի:
Տաթևիկ Միքայելյան - Վճարումը դադարեցնելու մյուս հիմքերից մեկը՝ դա երբ երեխան, ում ծննդյան կապակցությամբ նշանակվել է էս դրամական աջակցությունը, Հայաստանում վեց ամսից ավելի չի գտնվում:
Կարևոր պայման է, որ նորածինը, մյուս երեխաներն ու ծնողները հաշվառված լինեն Հայաստանի բնակչության պետռեգիստրում, դիմելու օրվա դրությամբ էլ ծնողը և նոր ծնված երեխան գտնվեն այստեղ: