Կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը նախկինում առաջարկել է լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեին ռազմականացված շփման գծի հարցը:
«Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով:
«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց՝ ակնկալվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
«Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները կամ հնարավոր անգործությունը արժանանան պատշաճ քննության:
Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ:
Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է: