Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի բասկետբոլի սուպերգավաթի «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է «Ուրարտուի»՝ 111:105 հաշվով հաղթանակով: «Ուրարտուն» վերջին անգամ Հայաստանի սուպերգավաթակիր էր դարձել 2019 թվականին։
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է դարձել Դուան Ուայթն «Ուրարտուից»: Նա վաստակել է 23 միավոր, 6 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին ու կատարել 4 արդյունավետ փոխանցում։
Առջևում բասկետբոլի կանոնավոր առաջնության եզրափակիչն է, որտեղ «Ուրարտուն» 3:0 հաշվով պարտվել է «Էրեբունուն»: Ինչպես հայտնի է, կանոնավոր մրցաշրջանի վերջին երկու խաղերը հաշվվում են որպես փլեյ օֆ, իսկ հաղթող է ճանաչվում այն թիմը, որն առաջինն է «հավաքում» 4 հաղթանակ: Այսինքն՝ ներկա պահին յուրաքանչյուր խաղ կարող է լինել վերջինը:
Կանոնավոր առաջնության չեմպիոնությունը նվաճելու համար «Ուրարտուն» պետք է 4 խաղ անընդմեջ հաղթանակ տանի։ Միանշանակորեն «Էրեբունին» ավելի շահեկան դիրքում է։ 4 հնարավոր խաղերից մեկում հաղթանակ տանելու դեպքում նրանք կդառնան Հայաստանի VBet Ա լիգայի 2021/2022 թթ. չեմպիոն:
Ինչ վերաբերում է «Ուրարտուին», ապա թիմը համալրվել է ԲԿՄԱ-ի արդեն նախկին խաղացող Դենզել Մենսահով, որը, «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի խոսքով, մեծ օգուտ կտա իրենց. «Մենսահը փայլում էր ԲԿՄԱ-ում և սուպերգավաթի խաղում շատ օգնեց մեզ: ԲԿՄԱ-ում նա ամենաուժեղ խաղացողն էր ու միայնակ էր գործում, իսկ մեզ մոտ պետք է ավելի թիմային խաղար: Մեր միակ վախը կապված էր դրա հետ, բայց ամեն ինչ լավ է: Թղթի վրա մենք ավելի ուժեղ կազմ ունենք, հայ լավ խաղացողներ: Կարող էինք ավելի մեծ տարբերությամբ հաղթել: Մենք այլևս իրավունք չունենք կազմն ուժեղացնելու ու չենք էլ պլանավորում դա անել»:
Միքայել Պողոսյանն ընդգծել է՝ կանոնավոր առաջնությունում ամեն խաղն արդեն եզրափակիչ է ու կարող է վերջինը լինել. «Հույս ունենք՝ կհաղթենք յուրաքանչյուր խաղում: Ամեն ինչ կանենք դրա համար: Ոչնչից չենք վախենում»:
«Ուրարտուի» և «Էրեբունու» միջև կանոնավոր առաջնության փլեյ օֆ փուլի եզրափակչի հերթական խաղը կկայանա ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: