Բրյուսելում հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Եվրամիության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև քաղաքական և անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարցերի ամբողջ շրջանակը:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել, որի ընթացքում կքննարկվեն նաև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցեր: