44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած անձինք ևս երեք ամիս սոցիալական աջակցություն կստանան: Կառավարությունն այս որոշումն ընդունել էր մարտի 17-ին:
Արտակ Հարությունյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ) - Ծրագիրը, որը երկարացվում է երեք ամսով, բացառապես վերաբերում է քաղաքացիական անձանց, և որևէ կերպ միջոցառումը չի առնչվում զինծառայողներին:
Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքները, որոնք օգտվել են միջոցառումից, սակայն անհետ կորածի կամ գերեվարվածի կարգավիճակը դեռևս հստակեցված չէ, ևս 3 ամիս աջակցություն կստանան` հունվար-մարտ ամիսների համար:
Արտակ Հարությունյան - Կարող են դիմել շահառուները մինչև ապրիլի 15-ը՝ էլեկտրոնային տարբերակով դիմելով նախարարության կայքի «Գրեք նամակ» բաժնին կամ e-request.am դիմումների հարթակի միջոցով:
Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով՝
առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ.
երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2,000,000 դրամ.
երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1,000,000 դրամ.
հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ.
զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5,000,000 դրամ.
անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300,000 դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հորդորում են լինել ուշադիր, դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: