Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ-2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։
Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։
«Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, մասնակցելով «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգին, արժանացել է ոսկե մեդալի՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը։
Ջերմոցի ղեկավարման համակարգը, հաշվի առնելով հողի չորության աստիճանը և արտաքին եղանակային պայմանները, օգտագործելով մուտքագրված կարգավորումները, ավտոմատ ջրում է հողը, հովացնում ջերմոցի օդը կամ միացնում ջեռուցում։ Համակարգը նաև գրանցում է աշխատողների մուտքի և ելքի ժամանակը՝ ներկայացնելով դրա մասին տվյալներ։ Գրանցվում և պահպանվում են նաև ջրելու ժամանակի վերաբերյալ տվյալները։ Ջրի պաշարի ոչ բավարար լինելու դեպքում ավտոմատ էլեկտրոնային նամակ է ուղարկվում նախօրոք մուտքագրված հասցեին։ Հնարավոր է հեռավար հետևել ջերմոցի աշխատանքին և ղեկավարել այն։ Ղեկավարման ծրագիրը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։
Մրցույթի շրջանակում կազմակերպվել են առցանց էքսկուրսիաներ Վորոնեժում գտնվող տարբեր գործարաններ և արտադրամասեր, որտեղ ստեղծվում և կիրառվում են ռոբոտներ։