ՌԴ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՕՐ 35-ՐԴ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 35-րդ օրն է։
«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից շարունակվում է։ Սև և Ազովի ծովերի գոտում էական փոփոխություններ չեն գրանցվել»,- ասված է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
ՌԴ ՊՆ-ից էլ հայտնում են՝ հատուկ գործողությունն ընթանում է ժամանակացույցի խիստ պահպանմամբ, Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ զորքերի պլանային վերախմբավորում է անցկացվում:
«ՌԴ ԶՈՒ գործողությունների գլխավոր ուղղությունը Դոնբասն է. մի շարք ուղղություններով հաջողվել է ճեղքել ուկրաինական պաշտպանությունը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
ՈՒԿՐԱԻՆԱՆ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՌԴ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Ուկրաինան Ստամբուլում, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին, ընդ որում՝ հաստատել դա գրավոր, հայտարարել է Վլադիմիր Պուտինի խորհրդական, ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Վլադիմիր Մեդինսկի (ՌԴ նախագահի խորհրդական) - Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու և երկրի տարածքում դաշինքի ռազմաբազաներ տեղակայելու գաղափարից։ Եթե այս պարտավորությունները կատարվեն, ապա Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինան որպես հարթակ օգտագործելու սպառնալիքը կվերանա: Հենց սա է Ուկրաինայի կողմից բավականին բարձր մակարդակով նախապես համաձայնեցված փաստաթղթի իմաստը և կարևորությունը: Աշխատանքները շարունակվում են:
Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան նաև հրաժարվում է միջուկային զենքից, որևէ դաշինքի միանալուց, իսկ օտարերկրյա զինված ուժերի մասնակցությամբ զորավարժություններ Ուկրաինան կարող է անցկացնել միայն երաշխավոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնության դեպքում։ Միևնույն ժամանակ Մեդինսկին շեշտել է՝ Ղրիմի և Դոնբասի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է։
Ավելի վաղ, արձագանքելով ուկրաինական պատվիրակության առաջարկին՝ 15 տարի բանակցել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր․
«Ղրիմը Ռուսաստանի տարածք է, մեր Սահմանադրությունը բացառում է որևէ մեկի հետ դրա ճակատագրի քննարկման հնարավորությունը»։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ
Կիևը անվտանգության երաշխիքների մասին միջազգային համաձայնագիր կստորագրի միայն հանրաքվե անցկացնելուց հետո, երբ ռուսական զորքերը վերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի ելման դիրքեր։ Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Միխայլո Պոդոլյակ (Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական) - Նման համաձայնագրի արդյունքում Ուկրաինան ռազմական տեսանկյունից բոլորովին այլ հարաբերություններ կձևավորի երաշխավոր երկրների հետ, հետևաբար բոլոր քաղաքացիները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը, այնուհետև երաշխավոր երկրների և Ուկրաինայի խորհրդարանները կվավերացնեն փաստաթուղթը:
Պոդոլյակի խոսքով՝ տվյալ հարցում առանցքային է բնակչության աջակցությունը։
Ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի դերում կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Իսրայելը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։
ԿԻԵՎԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կիևը կտրուկ տրամադրված չէ երկիր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցում, սակայն դաշինքը պատրաստ չէ դրան, սա է խնդիրը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
«Մենք ողջունում ենք Ուկրաինայում պատերազմն ավարտելու ցանկացած նախաձեռնություն և պատրաստ ենք դիտարկել տարբեր առաջարկներ՝ հասկանալու՝ ինչպես այդ նախաձեռնությունները կարող են կյանքի կոչվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մակարդակով»,- ասել է նա։
Նախարարը նաև մեղադրել է արևմտյան երկրներին, առաջին հերթին՝ Բեռլինին, Կիևին ոչ բավարար աջակցության համար։
ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՌԴ-ի ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման առանցքային թեման։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը Իրանի և այլ գործընկերների հետ շփումներում կփորձի գործնական տարբերակներ գտնել՝ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար։ Աբդոլլահիանն էլ հայտնել է, որ Իրանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը, միաժամանակ ընդգծել ռուս-իրանական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌ
Լավրովը վերջին զարգացումների վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել նաև Չինաստանի արտաքին գործերի նախարարին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ճգնաժամի պատճառը Եվրոպայում վաղուց կուտակված անվտանգային խնդիրներն էին։
Վան Ին իր հերթին կոչ է արել դասեր քաղել ստեղծված իրավիճակից և Եվրոպայում անվտանգության ապահովման հավասարակշռված մեխանիզմ մշակել, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և անվտանգության անբաժանելիության վրա։
Մոսկվայի և Պեկինի միջև սերտ գործակցությունը մտահոգում է ՆԱՏՕ-ին։ Ենս Ստոլտենբերգի կարծիքով՝ այն կարող է ազդել ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության վրա։
«Դաշինքը կենտրոնացած է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի վրա, սակայն ստիպված է դիմակայել գլոբալ սպառնալիքների»,- նշել է գլխավոր քարտուղարը: