ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ
Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն երբ ռուսական զորքերը վերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի ելման դիրքեր՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգի Կիսլիցան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները կշարունակեն խորհրդակցությունները հրադադարի սահմանման մեխանիզմների, զորքերի և այլ զինված կազմավորումների դուրսբերման, մարդասիրական միջանցքների գործարկման, ինչպես նաև զոհվածների աճյունների փոխանակման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման շուրջ։
Կիսլիցայի խոսքով՝ Ուկրաինայում լարվածության թուլացման մասին դեռ շատ վաղ է խոսել։
ԱՄՆ-Ը ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԽՈՍԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սպիտակ տունը դեռ պատրաստ չէ հստակ խոսել ԱՄՆի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրման մասին, հայտարարել է Քեյթ Բեդինգֆիլդը։
«Իհարկե, մենք սերտորեն գործակցում ենք Ուկրաինայի հետ, որպեսզի օգնենք ապահովել նրանց ինքնիշխանությունը և անվտանգությունը։ Այդ նպատակով մենք զենք ենք տրամադրում Կիևին և պատժամիջոցներ սահմանում Մոսկվայի դեմ», - պարզաբանել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի երաշխավորի դերում կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Իսրայելը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։
ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԱՆՀՆԱՐ Է ՎՃԱՐԵԼ ՌՈՒԲԼՈՎ. ՄԱԿՐՈՆ
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի ուշադրության կենտրոնում է։ Նախագահները 1 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նախօրեին Ստաբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք այսօրվանից կշարունակվեն տեսակապի ձևաչափով։Նախագահները գլխավորապես անդրադարձել են մի շարք հումանիտար հարցերի։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է իր գործընկերոջը ռուս զինվորականների կողմից հրատապ հումանիտար օգնություն ցուցաբերելուն և խաղաղ բնակչության՝ այդ թվում Մարիուպոլից անվտանգ տարհանմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Նախագահը նշել է, որ քաղաքում մարդասիրական ծանր իրավիճակը կարգավորելու համար ուկրաինական ազգայնականները պետք է դադարեցնեն դիմադրությունը և վայր դնեն զենքը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Երկու երկրի ղեկավարները շոշափվել են նաև Ռուսաստանից մասնավորապես ԵՄ երկրներ բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարելու մասին որոշման հետ կապված հարցեր։ Մակրոնը հայտարարել է՝ արևմտյան սպառողները չեն կարող Ռուսաստանին գազի դիմաց վճարել ռուբլով․ «Հիմա դա անհնար է»,- շեշտել է Ելիսեյան պալատի ղեկավարը:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Արևմտյան երկրները մտադիր չեն վերանայել Ռուսաստանի նկատմամբ իրենց մոտեցումներըը, քանի դեռ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն դադարեցվել։ Այս մասին ասված է Միացյալ Նահանգների, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Նրանք ընդգծել են միջազգային էներգետիկ ճարտարապետությունը փոխելու և ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերի կարևորությունը: Բայդենը, Դրագին, Մակրոնը, Շոլցը և Ջոնսոնը ողջունել են ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակումը և շեշտել հրադադարի ռեժիմ սահմանելու և Ուկրաինայից ռուսական զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ և աշխատել էներգակիրների գների բարձրացմանը հակազդման և էներգաանվտանգության ապահովման ուղղությամբ:
Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներին անդրադարձել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ դրանք կազդեն կանադացիների կենսամակարդակի վրա։
«Շատ մարդիկ կբախվեն էներգակիրների և սննդամթերքի գների բարձրացման, սակայն մենք շարունակելու ենք Ռուսաստանին պատժելու համար քայլեր ձեռնարկել»,- նշել է նա։
ՌԴ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՉԺՀ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ
Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը։
«Մեր երկրները և նրանց համախոհները միասին կշարժվեն դեպի բազմաբևեռ, արդար, ժողովրդավարական աշխարհակարգ։ Մենք շատ լուրջ փուլ ենք անցնում միջազգային հարաբերությունների պատմության տեսանկյունից», - ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։ Չինաստանի արտգործնախարարի խոսքով էլ՝ Մոսկվան և Պեկինը դիմակայել են միջազգային նոր իրողություններին և շարունակում են առաջ շարվել ճիշտ ճանապարհով։