Ռազմական գործողություններն Ուկրաինայում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, ինչը փաստացի նշանակում է, որ շարունակվում է նաև փախստականների հոսքը: Առաջին օրերի համեմատ քաղաքացիների քանակը, որոնք ձգտում են լքել Ուկրաինան, նվազել է, սակայն եվրոպական երկրները դեռ ընդունում են մարդկանց:
Նրանց շարքերում կան նաև հայեր, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներ: Այժմ Ուկրաինան կարելի է լքել միայն ցամաքային ճանապարհով: Փախստականներին ընդունող հիմնական երկիրը Լեհաստանն է: Հոսքեր կան նաև Ռումինիա, Մոլդովա, Հունգարիա:
Բուդապեշտի հետ Երևանի դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, սակայն հայերին և Հայաստանի քաղաքացիներին օգնություն հատկացնելու համար այդ երկրում ներկայացուցիչ է գործուղվել: Ավելի քան մեկ ամսում ստացել են մոտ հազար զանգ և դիմում:
Աշոտ Սմբատյան (Հունգարիայում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ) - Հունգարական անցակետերից Չոփ-Զախոն անցակետն են Հայաստանի քաղաքացիները օգտագործել, եղել են դեպքեր, երբ մենք օգնել ենք, որ մայրաքաղաք հասնեն, աջակցել ենք:
Հունգարիա տեղափոխված մեր հայրենակիցների մի մասը գերադասում է անցնել երրորդ երկիր: Դրանք հիմնականում Ուկրաինայի քաղաքացիներն են, որոնք Եվրամիությունում հաստատվելու իրավունք ունեն: Հայաստանի քաղաքացիները հիմնականում ձգտում են վերադառնալ հայրենիք՝ նշում է Աշոտ Սմբատյանը:
Աշոտ Սմբատյան - Խորհրդատվության ցանկում եղել է նաև աջակցելը նրանց, որպեսզի տոմսեր ձեռք բերեն, արագ Հայաստան հասնելու համար-ավստրիական ավիաուղիները, կար Վիեննա-Երևան թռիչք, Ստամբուլ-Երևան թռիչք:
Հայաստանի քաղաքացիները Եվրամիության տարածքում իրավունք ունեն գտնվել մինչև 15 օր: Սկզբնական շրջանում մեր հայրենակիցների մի մասը գերադասել է մնալ Հունգարիայում՝ հույս ունենալով, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն, և հնարավորություն կլինի վերադառնալ իրենց տներ: Սակայն այժմ հոսքը դեպի Հայաստան և Եվրամիության այլ երկրներ ավելացել է:
Աշոտ Սմբատյան - Վերջին երեք օրը նկատվում է, որ, կարծեք թե, հոսքը նորից մեծացել է: Մեր հայրեկակիցները առաջ ձգտում էին Մոլդովա, հիմա տեղափոխվում են դեպի Հունգարիա:
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, մոտավոր հաշվարկներով, Ուկրաինան լքել են հազարավոր մեր հայրենակիցներ: