ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքների գնահատման հարցում՝ գրում է РИА Новости-ն։
Նախօրեին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ զգալիորեն նվազեցնում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում և առաջարկեց նախագահներ Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ։
«Եկեք զգույշ լինենք՝ գնահատելով որոշ դիրքորոշումներ»,- ասել է Ստոլտենբերգը ֆրանսիական Le Monde-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի՝ Դոնբասում ուժերը կենտրոնացնելու ցանկության հարցը։
Դաշինքի ղեկավարն այն կարծիքին է, որ Ռուսաստանը թերագնահատել է ուկրաինական դիմադրության հնարավորությունները՝ գերագնահատելով սեփական ուժերը, և դա բացատրում է Մոսկվայի պարտավորությունը՝ վերանայել իր ծրագրերը՝ հակամարտության զարգացմանը համապատասխան: