Գյուղատնտեսական ակտիվ սեզոնին ընդառաջ ֆերմերների հետ ակտիվ կաշխատեն նաև Սննդամթերքի անվտանգության տեսչության մասնագետները:
Արթուր Նիկոյան (ՀՀ ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ) - Եթե որևէ տարածքում բույսերի հիվանդությունները անհանգստություն են առաջացնում, կամ ֆերմերը տեսնում է, որ չի կարող պայքարել, միջոցառումներ իրականացնել, կարող է դիմել ՍԱՏՄ մարզային կենտրոն, մեր մասնագետները կուսումնասիրեն:
Հաճախ ֆերմերները թունաքիմիկատներով բուժումներն անում են սխալ՝ չստանալով որևէ օգուտ, իսկ շատ հաճախ՝ ունենալով հակառակ պատկերը: Այս դեպքում պտուղ-բանջարեղենի մեջ ավելանում է թունաքիմիկատների՝ պեստիցիդների քանակը: Բուժումներն արվում են առանց մասնագիտական կարծիքը հաշվի առնելու, ասենք՝ հարևանի խորհրդով, կամ որքան թունաքիմիակատներն ու քիմիական պարարտանյութերը շատ՝ այնքան լավ համոզմամբ:
Արթուր Նիկոյան - Հնարավոր է՝ հարևանինը այլ դեպք է, կամ հարևանի տարածքում զարգացման այլ փուլում է գտնվում տվյալ վնասատուն, բացի դրանից՝ կարող է նրա տարածքում, նշված վնասատուից բացի, լինել նաև այլ վնասատու, որի դեպքում միջոցառումները տարբեր են:
Որտեղ ինչ պայքարի միջոցներ են անհրաժեշտ՝ ֆերմերներին հուզող հարցերի պատասխանները կտա ՍԱՏՄ պետի առաջարկով ձևավորված, հասարակական կազմակերպությունների, էկոնոմիկայի նախարարության, ագրարային համալսարանի, անասնաբուժական և բուսասանիտարայի լաբորատոր ծառայությունների կենտրոնի մասնագետների աշխատանքային խումբը:
Ագրոքիմիկատների օգտագործման վերաբերյալ ՍԱՏՄ-ն պատրաստ է խորհրդատվություն մատուցել՝ ասում է Արթուր Նիկոյանը: Խնդիրներ կան, և դրանք ակնառու են հատկապես տեսչական մարմնի ամենամյա մշտադիտարկումների ժամանակ:
Արթուր Նիկոյան - Եղել են դեպքեր, որ ճիշտ չեն որոշել վնասակարության օրգանիզմը, և թունաքիմիկատը կիրառել են, չի օգնել, մտածել են, որ դոզան թույլ է՝ նորից են կիրառել, նորից են կիրառել և ի վերջո հասկացել են, որ այդ խնդիրը չէ, փոխել են, ճիշտ թունաքիմիկատ են օգտագործել, նոր միայն արդյունքի են հասել: Բայց այդ ամենի արդյունքում պտղի, բանջարեղենի մեջ կուտակվում են թունաքիմիկատի մնացորդները:
Մասնագետները հորդորում են՝ թունաքիմիկատ օգտագործելուց հետո մինչև բերքահավաքը խստորեն պահպանել սպասման համար սահմանված ժամկետները: