ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստում պատասխանեց ընտրության ժամանակ մատնահետքի կիրառման մասին հարցին:
«Մատնահետքերով նույնականացում չի իրականացվում, որովհետև սարքերին, երբ տրամադրվում է մատնահետք, այն այդ մատնահետքի բազան հավաքում է, բայց նույնականացում չի իրականացնում: Մատնահետքերով նույնականացումը բոլոր այն երկրներում, որտեղ այն կիրառվել է, ցույց է տալիս, որ դա առաջացնում է շատ ավելի բարդ խնդիրներ, շատ ավելի պրոբլեմատիկ է, որովհետև մատնահետքերի բազան ձևավորվում է որոշակի ժամանակահատվածում: Հետագայում տեղի են ունենում տարբեր խնդիրներ, ասենք՝ մատը կտրվում է, և այդ մարդկանց նույնականացումը դառնում է անհնար»,- ասաց Մուկուչյանը:
Մուկուչյանի խոսքով՝ սարքը բավականին շատ խնդիրներ է լուծում:
Մուկուչյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի հարցին, անդրադարձավ նաև միևնույն անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ ունեցող անձանց թեմային:
Մուկուչյանի խոսքով՝ Հայաստանում 114 քաղաքացի կա, որոնց անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ:
«Անգամ կար առանձնահատուկ անուն, եթե չեմ սխալվում՝ Տոքսինա, որն իր անուն-ազգանունով կրկնվում էր»,- ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը նշեց, որ բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել:
«Նախապես հրապարակվում են ցուցակներ, տեղամասերում՝ ցուցակներ, ընտրություններից հետո՝ ցուցակներ, սարքերով՝ ցուցակներ, այսինքն՝ եթե մի մարդը թեկուզ երկրորդ անգամ այլ տեղամասում քվեարկած լիներ, բացառվում է, որ չբացահայտվեր»,- ասաց Մուկուչյանը: