ՌԴ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՕՐ 35-ՐԴ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 35-րդ օրն է։ «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից շարունակվում է։ Սև և Ազովի ծովերի գոտում էական փոփոխություններ չեն գրանցվել»,- ասված է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Կրեմեննայա և Մարիուպոլ քաղաքներին։ Երկրի ցամաքային ուժերի տվյալով էլ՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր խոցվել է ավելի քան 4000 միավոր ռուսական ռազմատեխնիկա։
Ռուսական կողմը նույնպես հայտնել է Ուկրաինային պատճառած վնասների մասին։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալով՝ Դոնեցկի մարզում ոչնչացվել է հրթիռահրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ։ «Հակաօդային պաշտպանությունը մեկ օրում խոցել է ուկրաինական 10 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 3000-ից ավելի միավոր ռազմատեխնիկա»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան Կիևի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց դեռևս չի տեսնում, սակայն դրական է գնահատում այն փաստը, որ ուկրաինական կողմը ձևակերպում և գրավոր է ներկայացնում խաղաղ կարգավորման վերաբերյալ իր առաջարկները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշել՝ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Նա մեկնաբանել է նաև Ուկրաինայում մինչև վերջ գնալու մասին կոչերը. «Մենք չենք ցանկանում նոր «Ստալինգրադ»։ Հարկավոր է վստահել բանակցողներին։ Ռուսական կողմի դիրքորոշումը քաջ հայտնի է, այն չի փոխվել»,- հստակեցրել է Պեսկովը։
Արձագանքելով ուկրաինական պատվիրակության առաջարկին՝ 15 տարի բանակցել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի մասին՝ Պեսկովը հայտարարել է․ «Ղրիմը Ռուսաստանի տարածք է, մեր Սահմանադրությունը բացառում է որևէ մեկի հետ դրա ճակատագրի քննարկման հնարավորությունը»։
Պաշտոնյան անդրադարձել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման մեխանիզմ մշակելու հանձնարարականին՝ նշելով որ նոր ընթացակարգի ուժի մեջ մտնելու ժամկետներ չկան և դա երկար գործընթաց է:
ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Եվրոպայում ամերիկյան զորախմբի տեղակայումը պայմանավորված է Ռուսաստանին «զսպելու» անհրաժեշտությամբ և չի խախտում 1997 թվականին Փարիզում կնքված Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտի դրույթները, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Պետք է հստակ լինի՝ մեր դաշնակիցներից որևէ մեկի վրա հարձակմանը կարձագանքի ամբողջ դաշինքը», - հավելել է նա։
Ստոլտենբերգը կարծիք է հայտնել նաև, որ նախօրեին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքները հարկավոր է ուշադիր ուսումնասիրել և զգույշ լինել որոշ դիրքորոշումների գնահատման հարցում։
Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններին, որ համապատասխան երաշխիքների դիմաց Կիևը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քարտուղարը նշել է, որ հարգում է Ուկրաինայի բոլոր որոշումները։ «Երկրի հնարավոր չեզոք կարգավիճակի մասին որոշումը նույնպես Ուկրաինայինն է»,- հստակեցրել է նա։
ՏԱՍԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ՏԱՇՔԵՆԴԻ ՄԻՋԵՎ
Թուրքիան և Ուզբեկստանը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները բարձրացնել համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի: Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակության Ուզբեկստան կատարած այցի շրջանակում կայացել է թուրք-ուզբեկական ռազմավարական համագործացության խորհրդի նիստը, որի շրջանակում կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, ռազմարդյունաբերական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր:
Անկարան և Տաշքենդը ստորագրել են երկկողմ գործակցության 10 համաձայնագիր, որոնք նախատեսում են փոխգործակցության ընդլայնում:
ԵՄԵՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Կոալիցիան հայտարարել է, որ դրա նպատակն է նպաստել «միջեմենական բանակցությունների» հաջողությանը, որոնք պետք է մեկնարկեն մարտի 30-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, ինչպես նաև «դրական մթնոլորտ ստեղծել Ռամադան սրբազան ամսվա ընթացքում խաղաղություն հաստատելուն և Եմենում անվտանգություն ու կայունություն ապահովելուն»:
Արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերը մարտի 27-ին ավիահարվածներ էին հասցրել Եմենի մայրաքաղաքին։ Օդային հարձակումը տեղի էր ունեցել, երբ ավարտվել էր Եմենի Էլ Հոդեյդա և Սալիֆ նավահանգիստներից, Սանայի օդանավակայանից, ինչպես նաև Հադդա թաղամասի տարածքից զենքը դուրս բերելու՝ հութիներին ներկայացված ժամկետը: