2021-ն ընտրական առումով հագեցած տարի էր: Հունիսին համապետական՝ հետո հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին էլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եղան: Խորհրդարանում ներկայացնելով 2020-21 թվականների գործունեության հաղորդումը՝ ասաց ԿԸՀ նախագահը: Նոր՝ համամասնական ընտրակարգով անցած տարի 52 համայնքում ՏԻՄ են ձևավորել, դրանիցից 44-ը՝ նոր խոշորացված: Մուկուչյանին Վարդևանյանը դիմեց, իր ձևակերպմամբ՝ համակարգի հնաբնակից հետաքրքրվեց կիրակի տեղի ունեցացած՝ Վեդիի արտահերթ ընտրության մասին:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Արդյոք նման վերլուծություն կատարվե՞լ է, թե՞ ոչ, որ, օրինակ, իշխանական թեկնածուն մասնակցի ընտրությանը, չհաղթի, բայց կարողանա կազմակերպի, որ դրանց արդյունքները տապալվեն, ստիպված լինի արտահերթ նոր ընտրություն նշանակի համայնքում, ու այդ ընթացքում որպես պաշտոնակատար նշանակվի հենց այդ պարտված թեկնածուն, որ ինքն էլ կազմակերպի ընտրությունն ու դրանցում հաղթի:
Տիգրան Մուկուչյան (ԿԸՀ նախագահ) - Ընտրություն նշանակողը ԿԸՀ-ն չէ, ընտրություն նշանակող մարմինն է, որ, գնահատաելով իրավիճակը, նշանակում է, նշանակումը եղել է, ու մեր հանձնաժողովը օրենքով պարտավոր է կազմակերպել ընտրություն: Ոչ մի տեղամասից որևէ դիմում՝ վերահաշվարկի, չի եղել. վերջնաժամկետը երեկ էր:
21 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո առանձին զեկույց Մուկուչյանն արդեն ներկայացրել էր խորհրդարան: Բայց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ր ցուցակներն այնպես նույնականացնել, որ դրանք ոչ թե լոկալ՝ տեղամասերում բացառեին կրկնաքվեարկության դեպքերը, այլ ամբողջ հանրապետությունում սինքրոնացվեին:
Արթուր Ղազինյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ստացվում է, որ տվյալ անձը կարող է մեկ անգամ գալ, մեկ տեղամասում քվերակել, հետո, ըստ իշխանության ցանկության, երկրորդ տեղամասում, երրորդ տեղամասում քվեարկել, և սարքը, ըստ ձեր տված տեղեկատվոթյան, չի կարող բացահատել կրկնաքվեարկության դեպքը:
Ընդհանուր ցանցային համակարգ գործարկելուց հրաժարվել են անգամ այդ մոդելը նախկինում կիրառած երկրները, փոքր ձախողումը կարող է խափանել ամբողջ ընտրական պրոցեսը՝ բացատրեց Մուկուչյանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ կրկնաքվերակության դեպքերը բացառելու համար վերահսկողական մեխանիզմները բավարար են, չեն սահմանափակվում միայն 2016-ից ներդրված նույնականացնող սարքերով:
Տիգրան Մուկուչյան - Մինչ էս պահը թեկուզ մեկ դիմում չենք ունեցել, որ նույն անձը զուգահեռաբար լինի երկու ընտրական տեղամասում, ցուցակներում չկա, իսկ եթե անձը ցուցակներում չկա, նա չի կարող քվերակել տվյալ սարքով:
Ընդդիմադիր պատգամավորներից, սակայն, հիշեցրին, որ հենց ԱԺ վերջին ընտրությանը ցուցակներում ստորագրված էր մի քաղաքացու անվան դիմաց, որը Ռուսաստանում է բնակվում: Այս խախտումն իրենք ՍԴ-ում էլ են ներկայացրել, արդյունքների բողոքարկման ժամանակ:
Արամ Վարդևանյան - Դե, բնականաբար, դատախազությունը ինչ պետք է ասեր. ասաց, որ դա շփոթմունք է, նախկինում այս փաստը հնչվել է: Այո, մեկը հավատացել է այս իշխանությունից, իհարկե ոչ, բայց հիմա երևի պատահականությունը հենց պատահականություն է:
Վարդևանյանի դիմաց նստած պատգամավորները հիշեցրին մինչև 2018 թվականը կայացած ընտրություններում անձանագրված խախտումները:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես որ փորձում եմ վերլուծել այն խախտումները, որոնց մասին խոսում ենք, 2003-ին, 2001-ին, 98-ին, մեր քաղաքական ուժերը կերազեին, որ խախտումների մակարդակը միայն դա լիներ, պարոն Ղազինյան: Ես եմ հիշում՝ 2003-ին, թե ինչպես ինտերնետը կորավ, փակվեց, մարդկանց ստիպեցին... Գոնե ինձ մի ասեք...
Վիգեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նախագահի թեկնածուներից մեկը՝ Արտաշես Գեղամյանը, հարցազրույցում ասում է՝ ընտրակեղծարարության գրոսմայստերը Ռոբերտ Սեդրակովիչն է, որը սցենարներ է մշակում, իրականացնողը Սերժ Ազատիչն է, որը պաշտպանության նախարարն էր: Դա ե՛ս չեմ ասել, և Արտաշես Գեղամյանը անկեղծ էր. գրոսմայստերի մակարդակի էին հասել էս երկու զույգը:
Անցնելով օրակարգային այլ հարցերի՝ հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցումից առաջ հավանություն տվեց ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանի հեղինակած նախագծին: ԱԺ կանոնակարգում առաջարկվող փոփոխությամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նոր թեկնածու պետք է ներկայացնի: Իսկ եթե այդ նոր թեկնածուն էլ չընտրվի, նրան նախորդածը կարող է կրկին առաջադրվել: