2021 թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020 թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն:
59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը:
Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է:
47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալները, հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքում ազդարարման 10 դեպքով հարուցվել է քրեական գործ: 2020 թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել:
Այս տվալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում»,- գրել է Աբրահամյանը: