Արևմուտքի պատժամիջոցները չեն խանգարում Ռուսաստանին՝ շարունակել մարել իր արտաքին պարտքը. Մոսկվան անհրաժեշտ դոլարային պաշարներ ունի՝ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիտա Գոպինաթը: Ռուսաստանը մինչև հիմա ժամանակին է վերադարձրել պարտքը։ Միևնույն ժամանակ, կառույցը վճարումների առումով դեռ անորոշություն է տեսնում:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Ռուսաստանի արտաքին պարտքը այդքան մեծ ծավալ չի կազմում, ինչպես օրինակ՝ այլ երկրներինը, զարգացած եվրոպական երկրներինը, ԱՄՆ-ինը: Ընդհանուր առմամբ՝ արտաքին պարտքի ծավալը գումարային առումով 59.7 մլրդ դոլար է կազմում, և դրանից 40 մլրդ դոլարը եվրապարտատոմսերի տեսքով տեղաբաշխված փոխառություններ են:
Ըստ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ Արևմուտքը մի շարք խոչընդոտներ է ստեղծել Մոսկվայի համար, սակայն Ռուսաստանն ունի մեխանիզմ, որը թույլ է տալիս ցանկացած պարագայում կատարել արտաքին պարտքի գծով իր պարտավորությունները: Ռուսաստանն արտարժույթով արդեն երկու վճարում է կատարել, և այդ վճարումները կատարվել են սահմանափակումների տակ գտնվող հաշիվներից։ Ըստ Սիլուանովի՝ եթե իրենց խանգարեն օգտագործել այդ մեխանիզմը, միջազգային վարկատուների անունով Ռուսաստանում ռուբլով հաշիվներ կբացվեն, որին կփոխանցվի գումարը:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Տարվա ընթացքում մոտավորապես էն գումարը, որը Ռուսաստանը պետք է սպասարկի, մոտ 4 մլրդ դոլարի շրջանակներում է: Սա իրականում ընդհանրապես մեծ գումար չէ, այսինքն՝ իրենք կարող են էս գումարը սպասարկել բավականին երկար հորիզոնում, քանի որ արտարժութային պարտքը բավականին փոքր է. դրանք եվրապարտատոմսեր են, ընդ որում՝ սփռված բավականին երկար ժամկետների վրա:
Միջազգային վարկանիշային կազմակերպությունները, իրավիճակով պայմանավորված, վատթարացրել էին Ռուսաստանի գնահատականները՝ նույնիսկ կանխատեսելով, որ Ռուսաստանը չի կատարի արտաքին պարտքի պարտավորությունները: Ռուսաստանն ունի ավելի քան 600 մլրդ դոլարի արտարժութային պաշար, որի միայն կեսն է սառեցված: Ըստ մասնագետների՝ զուտ դեֆոլտ չի կարող լինել, փոխարենը հնարավոր է տեխնիկական դեֆոլտը:
Կարեն Սարգսյան - Ռուսաստանին բավական են նույնիսկ ներքին պաշարները, որ առկա են, որ հիմա սառեցված չեն. դա էլ բավարար է իրականացնելու համար: Պարզապես քանի որ բանկային այդ փոխանցումներն իրականացվում է թղթակցային հաշիվների միջոցների դուրսգրման միջոցով, դա պետք է տեղի ունենա, օրինակ, ԱՄՆ-ի կամ եվրոպական այլ երկրներում գործող բանկերի թղթակցային հաշիվներից, որոնք և սառեցման տակ են: Բայց դա դեֆոլտ չէ, ոնց որ՝ ֆիկտիվ դեֆոլտ՝ այսպես ասենք:
Մարտի 15-ին Եվրամիությունն արգելեց վարկանիշավորող կազմակերպություններին՝ ռեյտինգ շնորհել Ռուսաստանում հիմնված իրավաբանական անձանց, կազմակերպություններին և մարմիններին, որից հետո Fitch միջազգային գործակալությունը հետ է կանչել Ռուսաստանի վարկանիշը:
Նարեկ Կարապետյան - Ռուսաստանի կորպորատիվ հատվածը արդեն իսկ միջազգային ֆինանսական շուկայից առանձնացված է, իսկ դեֆոլտի հիմնական ռիսկը հենց դրանում է, որ սահմանափակվում են ապագա փոխառությունների հնարավորությունները թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի համար:
Սահմանափակումների պայմաններում Ռուսաստանը եվրապարտատոմսերի գծով 117 միլիոն դոլարի մարում է իրականացրել, մասնագետները նշում են՝ Մոսկվան առնվազն մի քանի ամիս դեռ կարող է արտաքին պարտքի մարման գործընթացում խնդիրներ չունենալ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան