Ձյուն լինի թե անձրև՝ կարևոր չէ. արդեն գարուն է, ու հողը սպասել չի սիրում: Այգեգործը բահը ձեռքից չի գցում. պետք է հասցնի ծիրանենիների բները մշակել, որ երբ ոռոգման ջուրը տան, իր այգին պատրաստ լինի:
Հայկ Սիմիդյան (այգեգործ) - Այնտեղից որ ջուրը բաց են թողնում՝ ջրվելով գնում է:
Գյուղատնտեսական սեզոնին է պատրաստվում նաև «Բաղրամյանշին» ընկերությունը: Նրանք էլ ոռոգման համակարգն են արդիականացնում, որ սեզոնը սկսելուն պես ջուրը, նոր գցած առվով, անկորուստ հասնի հողին: Մի շարք համայնքներում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Մինչև ապրիլի 1-ը պետք է շահագործման հանձնեն նաև Լուկաշինի ջրատար ցանցը:
Համլետ Կարապետյան («Բաղրամյանշին» ընկերության աշխղեկ) - Լենուղիում և Այգեվանում հողային հուներ են եղել, իսկ մյուսներում՝ քայքայված կիսախողովակներ, որոնք ապամոնտաժվել, տեղափոխվել են համապատասխան վայրեր, և այդ ցանցերը ամբողջովին նորացվել են:
Ծրագիրն իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ, համայնքները մասնակցում են 10 տոկոս համաֆինանսավորմամբ: Նախկին հողային առուների և քայքայված խողովակների փոխարեն կառուցվում են բետոնե կիսախողովակներ ու ջրթող ավազաններ:
Գևորգ Զեյնալյան (Լուկաշինի վարչական շրջանի ղեկավար) - Գյուղում ունենք ամենամեծ փոխված ցանցը՝ մոտ 4 կմ 350 մ երկարությամբ, տարբեր տեսակի խողովակներ:
Ոռոգման ցանցի արդիականացումը սկսվել է անցած տարի: Բայց քանի որ դարն ապրած ջրատար համակարգում նոր ներդրումների անհրաժեշտություն է առաջացել, ծրագրի ընթացքը երկարել է՝ ընդգրկելով նոր համայնքներ:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Արմավիր խոշորացված համայնքում ծրագիրն իրականացվում է Այգեվանում, Լուկաշինում, Խանջյանում, Հացիկում: Երկարատև ծրագիր է, տեղեր կան՝ ջրամատակարարման ցանցի փոփոխությունը մի քանի կիլոմետրի է հասնում: Էս տարվա սեզոնին ցանցն ամբողջությամբ պատրաստ կլինի:
Ջրամատակարարման նոր համակարգը ոգևորել է գյուղացիներին: Նախկինում, մաշված ու քայքայված խողովակներով մինչև ջուրը տեղ էր հասնում, գրեթե 70 տոկոս կորուստ էին տալիս: Հիմա և՛ ջուրն անկորուստ տեղ կհասնի, և՛ վեճեր չեն լինի՝ ջրի պատճառով:
Հայկ Սիմիդյան - Հերթով բոլորը ջրում են, զոռբայություն չկա, կարգ ու կանոն կա, ջրբաշխը հերթը նշանակում է, ամեն մեկը իր հերթին ջրում է: Կաթիլը տեղ է հասնում: Սա շատ գնահատելի աշխատանք է: 30 տարի բան չի արվել էս խողովակների հետ, անմխիթար վիճակ էին:
Ոռոգման համակարգի նորացման ծրագիրը կշարունակվի՝ առաջիկա ծրագրերի մասին է պատմում Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարը: Տասնյակ տարիներ անուշադրության մատնված համակարգում անելիքներ դեռ շատ կան:
Դավիթ Խուդաթյան - Հետագայում ծրագիրը կշարունակվի, կընդգրկվեն նոր համայնքներ, որտեղ ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներ կան:
Ոռոգման համակարգի վերազինմանը զուգընթաց՝ գյուղացիները նոր հողատարածքներ են ձեռք բերում: Միայն Լուկաշինում վերջին 2-3 տարում մշակովի հողերը ավելացել են 150 հա-ով: