Մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվի մեր պատմության մեջ առաջին անգամ նման մեծ մարզական միջոցառում՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սա պատահական չէ, քանի որ սպորտի, առողջ ապրելակերպի խթանումը կառավարության առաջնահերթություններից է: «Գիտեք, որ այս միջոցառումը հյուրընկալելու իրավունքը մենք ստացել ենք նախորդ տարի: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Ֆան-գոտիներ կստեղծվեն Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում. կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները:
«Մենք ամբողջ թափով պատրաստվում ենք միջոցառմանը և վստահ եմ, որ այն լինելու է լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ լավագույնը: Կլինի գեղեցիկ բացման արարողություն, որի ընթացքում կներկայացնենք մեր ներկան, անցյալը և, իհարկե, ապագան»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը և Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիորը: