Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այդ մասին գրում է SPA գործակալությունը։
Կոալիցիան հայտարարել է, որ դրա նպատակն է նպաստել «միջեմենական բանակցությունների» հաջողությանը, ինչպես նաև «դրական մթնոլորտ ստեղծել ռամադան սրբազան ամսվա ընթացքում խաղաղություն հաստատելուն և Եմենում անվտանգություն ու կայունություն ապահովելուն»:
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ ալ-Հաջրաֆը Եմենի հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները միջեմենական բանակցությունների ընթացքում։ Դրանք պետք է մեկնարկեն մարտի 30-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։
Արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերը մարտի 27-ին ավիահարվածներ էին հասցրել Եմենի մայրաքաղաքին։ Օդային հարձակումը տեղի էր ունեցել, երբ ավարտվել էր Եմենի Էլ Հոդեյդա և Սալիֆ նավահանգիստներից, Սանայի օդանավակայանից, ինչպես նաև Հադդա թաղամասի տարածքից զենքը դուրս բերելու՝ հուսիներին ներկայացված ժամկետը: