Տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկային, կրթական և սպասարկման ոլորտներ: Բոլոր թափուր աշխատատեղերը՝ մեկ վայրում: Move2Armenia-ի նպատակն է ներկայացնել Հայաստանի աշխատաշուկայի հնարավորություններն ու օգնել մեր երկիր ժամանած օտարերկրացիներին՝ աշխատանք գտնել:
Նարեկ Ասլիկյան (ցուցահանդեսի կազմակերպիչ) - Հատուկ կազմակերպած է, որ այն մարդիկ, որ տեղափոխվել են Հայաստան, կարողանան այստեղ աշխատանք գտնել և դա անել հնարավորինս արագ, որ այդ մասնագետներին պահենք այստեղ: Այսինքն՝ թիրախավորում է փորձառու մասնագետներին, որոնց կարիքը մենք շատ ունենք:
Հայաստանյան 5 տասնյակ ընկերություն աշխատանք է առաջարկում հայ, ռուս, բելառուս և ուկրաինացի մասնագետներին:
Անժելա Մուրադյան (ՏՏ ընկերության աշխատակից) - Շատ են հիմնականում ծրագրավորողները, մենք էլ ուրախ կլինենք որ փորձառու մասնագետներն ընկերությունում աշխատեն:
Սերգեյ Կալաշնիկովը մարքեթինգի մասնագետ է: 3 շաբաթ առաջ ընտանիքի հետ Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան: Մտադիր է մեկ տարի մնալ այստեղ:
Սերգեյ Կալաշնիկով - Պայմանները շատ լավն են, մեզ այստեղ շատ լավ են վերաբերվում: Չգիտեմ՝ ճիշտ է թե ոչ, բայց ասում են՝ մոտ 100 հազար ռուս է եկել ձեր երկիր: Հուսով եմ, որ կարող ենք օգտակար լինել Հայաստանին: Դուք ԱյԹի ոլորտում լավ կապեր ունեք արտասահմանյան ընկերությունների հետ, դա էլ հենց գրավում է ռուս մասնագետներին:
Անաստասիա Պառամոնովան Ուկրաինայից է, ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան:
Անաստասիա Պառամոնովա - Հետաքրքրում է աշխատանքը կրթության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բազմաթիվ ընկերություններ կան, հուսով եմ՝ կգտնեմ:
Հայաստանում այս պահին միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի քան 5 հազար փորձառու մասնագետի կարիք կա՝ ասում է ցուցահանդեսի կազմակերպիչը:
Նարեկ Ասլիկյան - Էն մասնագետները, որոնք մեծ մասամբ գալիս են, իրենք մրցակցություն չեն ստեղծում, որովհետև կազմակերպությունները ամիսներով, եթե ոչ տարիներով փնտրում են նման մասնագետներ:
Կազմակերպիչների խոսքով՝ աշխատանքի տոնավաճառի նկատմամբ հետաքրքվածությունը ցույց է տալիս, որ կարճ ժամանակ անց հայկական ընկերություններում արտասահմանցի աշխատակիցների առկայությունը սովորական երևույթ կդառնա:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան