Հակառուսական հիստերիան Ադրբեջանի լրատվադաշտում խորանում է: Օրինակ՝ նյութերը նայում ես. վերջին ավիահարվածը Նիկոլաևին, Ուկրաինայում ևս մեկ ռուս զինվորական է սպանվել: Այսպես շարունակ, և ոչ մի բառ՝ ռուսական կողմից: Հակառուսական քարոզչություն տարածող ադրբեջանական խոշոր ռեսուրսներից ևս մեկը արգելափակվել է ռուսական տիրույթում միակողմանի տեղեկատվության հրապարակման համար:
Արցախում՝ Փառուխում ստեղծված իրավիճակին Ռուսաստանի հասցեական գնահատականից հետո Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք է բարձրացել: Մերձիշխանական շրջանակներն էլ խոսում են ռուսական լրատվամիջոցները Ադրբեջանում սև ցուցակ գցելու մասին:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Զուգահեռաբար, տարբեր մերձիշխանական կառույցներում սկսեցին բարձրացնել հարցը. որ Ադրբեջանում էլ պետք է փակեն ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանում արգելափակված ադրբեջանական Օխու.ազ կայքը նույն մեդիա խմբի կազմում է, ինչ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, որը վերջերս նաև ապատեղեկություն էր հրապարակել՝ իբրև թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով, ինչը հայկական կողմը հերքել էր:
Տարոն Հովհաննիսյան - Սա ցույց է տալիս որ հարցը մեկ կամ մի քանի լրատվամիջոցի խնդիր չէ, ուսումնասիրությունը ցույց է տալիս որ իրականում Ադրբեջանի ղեկավարության ինֆորմացիոն քաղաքականությունն է: Իրականում Ադրբեջանում մեդիադաշտի 99 տոկոսը չի կարող գործել առանց իշխանությունների թույլտվության: Իսկ այս դեպքում կա թե՛ ֆինանսավորում, թե՛ պարգևատրում:
Այն, որ Ադրբեջանի ամբողջ մեդիադաշտը համակարգվում է իշխանությունների կողմից, Հովհաննիսյանի խոսքով՝ վաղուց ապացուցված փաստ է: Քարոզչամեքենան աշխատում է այն ուղղությամբ, որով հրահանգում է պաշտոնական Բաքուն: