Մարտի 26-ին և 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո՝ մարտի 10-ից ապրիլի 3-ը անցկացվող «Մոնտե-Կառլոյի Արվեստների գարուն» միջազգային փառատոնին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
1970 թվականից անցկացվող ամենամյա այս փառատոնի շրջանակներում առաջին անգամ մեծարվեց Հայաստանը՝ հայկական մշակույթի օրերի անցկացման ձևաչափով։ Մարտի 24-ից 27-ը հայ արվեստագետների մասնակցությամբ տեղի ունեցան Հայաստանի նվիրված համերգներ և ցուցադրումներ։ Փառատոնի շրջանակներում Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի և միջոցառման տնօրեն Բրունո Մանտովանոյի հետ առանձնազրույցներում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Մոնակոյի կողմից Հայաստանին ու հայկական մշակույթին նման բացառիկ ուշադրության և գնահատանքի արժանացնելու համար։
Մարտի 26-ին Մոնտե-Կառլոյի օպերայում դեսպան Տոլմաջյանը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ մասնակցեց Փարաջանովի ցուցանմուշների ցուցադրության պաշտոնական բացմանը։ Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Մոնտե-Կառլոյի օպերայում Լևոն Էսկինյանի ղեկավարած Գյուրջիև ժողովրդական գործիքների համույթի համերգին, իսկ հաջորդ օրը՝ մարտի 27-ին, ժամանակակից հայ կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի և Միշել Պետրոսյանի «Յոթ․ Սինջարի հրեշտակները» կամերային բալետի պրեմիերային (բեմադրիչ՝ Միշել Հալե Եղայան)։
Մոնտե-Կառլոյի փառատոնի շրջանակում՝ մարտի 24-ին, Ֆրանսիայի Օվերն պետական նվագախմբի կողմից ներկայացվել են Կոմիտասի ժողովրդական մշակումները, մարտի 25-ին սոպրանո Կարինե Բաբաջանյանի և դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մեկնաբանմամբ տեղի է ունեցել հայկական ժողովրդական երգի համերգ, մարտի 26-ին ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, նույն օրը Մոնակոյի Ռենիե III ակադեմիայի ուսանողները կատարել են Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Փառատոնի այս տարվա տարբերանշան էր ընտրվել Սերգեյ Փարաջանովի հեղինակած կոլաժներից մեկը։