Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կոնկրետ խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին՝ հաղորդում է ТАСС-ը։
«Իհարկե, մենք Ուկրաինայի հետ սերտորեն աշխատում ենք բոլոր տարբերակների վրա, որոնք կօգնեն ապահովել այդ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Բայց ես չեմ կարող նախօրոք մանրամասներ հայտնել անվտանգության երաշխիքների հետ կապված քննարկումների մասին»,- ասել է Բեդինգֆիլդը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի հետ՝ անվտանգության երաշխիքների շուրջ։
Նա հիշեցրել է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը, որում ասվում է, որ եթե ինչ-որ մեկը հարձակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա, ապա մյուս բոլոր անդամները պարտավոր են նրան պաշտպանել։
Ըստ Կուլեբայի՝ Կիևը հույսը դնում է նման կետի վրա, ըստ որի՝ եթե ցանկացած երկիր հարձակվի Ուկրաինայի վրա, նրա անվտանգության երաշխիքներն ապահովող պետությունները պետք է 24 ժամվա ընթացքում Ուկրաինային տրամադրեն անհրաժեշտ զենքեր, ինչպես նաև ընդունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կպահանջի վերջ դնել ագրեսիային և կկիրառի պատժամիջոցներ։