Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Ինտերպոլի միջոցով՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բաքուն ՌԴ Պետդումայի պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցել երկրի էներգետիկ ենթակառուցվածքները և նավթարդյունաբերությունը ոչնչացնելու կոչերի համար։ Դելյագինին մեղադրանք է ներկայացվել չորս հոդվածով՝ պատերազմի ագրեսիվ կոչ, ահաբեկչություն՝ զենքի կիրառման սպառնալիքով, ազգային, սոցիալական և կրոնական ատելություն:
Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը «դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին՝ մեղադրյալին այդ երկրների տարածքում հայտնվելու դեպքում անհապաղ կալանավորելու և արտահանձնելու խնդրանքով»։
Ռուս պատգամավորի դեմ քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նա ռուսական Россия-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրման ֆոնին։ Բացի դրանից՝ Դելյագինը նմանատիպ բովանդակությամբ հարցում է անցկացրել իր Telegram ալիքում։
Երեքշաբթի ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ընդգծել է, որ «դա ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը»: Դելյագինին էլ Պեսկովը հորդորել է զսպել անձնական զգացումները և ոչ բարեկամական հայտարարություններ չանել Ադրբեջանի՝ գործընկեր պետության հասցեին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պետդումայի պատգամավորը ներողություն է խնդրել Ադրբեջանին պատժելու վերաբերյալ իր կոշտ արտահայտությունների համար: Պատգամավորն ասել է, որ հեռարձակումից հետո սկսել է ստանալ ահաբեկչական գործողությունների սպառնալիքներ և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներից:
Դելյագինը նաև բացատրել է, որ իր ներողությունը չի վերաբերում ադրբեջանցի պաշտոնյաներին, որոնք որոշել են ռուսական ուժերին շեղել ռազմական հատուկ գործողությունից՝ փորձելով երկրորդ ճակատ բացել Լեռնային Ղարաբաղում:
РИА Новости-ն էլ հայտնում է, որ Պետդումայի միջազգային կապերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման մասին հայտարարությունը համարել է նյարդային ու սխալ որոշում, միաժամանակ կողմերին զսպվածության կոչ է արվել: