Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը։ Փաստաթղթում Ռուսաստանը ներկայացվում է որպես լուրջ սպառնալիք Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողության պատճառով։ Չինաստանն էլ ներկայացվում է որպես ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցը։
Պենտագոնի փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Կորեայից, Իրանից և ծայրահեղական կազմակերպություններից բխող սպառնալիքները:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մեկնաբանել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը։ Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կամ նրանց զսպելու ԱՄՆ կառավարության փորձերը հաջողությամբ չեն պսակվի։
«Պենտագոնի վերոնշյալ զեկույցը լցված է սառը պատերազմի շրջանի մտածողությամբ և ճամբարային դիմակայության գաղափարախոսությամբ։ Չինաստանն ու Ռուսաստանը մեծ տերություններ են։ Մեզ զսպելու կամ մեզ վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ծրագրերն ու փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,- նշել է Վենբինը։