Այս տարվա փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների կողմից Հայաստանում բացվել է 20860 բանկային հաշիվ։ Մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին Հայաստանի կենտրոնական բանկից:
Հարյուրավոր նոր ընկերություններ բացելուց և զբոսաշրջային ոլորտն ակտիվացնելուց զատ, սա, ըստ էության, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեկ ամսվա կտրվածքով հերթական ազդեցությունն է Հայաստանի տնտեսության, տվյալ դեպքում՝ բանկային համակարգի վրա:
Աշոտ Օսիպյան (Բանկային կառավարման դպրոցի հիմնադիր, Տաջիկստանի «Էսխատա» բանկի խորհրդի անդամ) - Դա բավականին մեծ թիվ է, իհարկե պետք է հաշվի առնենք, որ հաշիվները բացվել են ոչ բոլոր դիմողների համար, որովհետև բանկերը հաշիվ բացելու համար ունեն որոշակի սահմանափակումներ, որոնք կոչվում են QWC՝ ճանաչիր քո հաճախորդին: Եվ հիմնականում բաց են արվել հաշիվներ այն աշխատանքային միգրանտների համար, այն մարդկանց, որոնք աշխատավարձ կստանան ՀՀ-ում, և այն մարդկանց համար, որոնք իրենց խնայողությունները տաք գոտիներից տեղափոխել են Հայաստան՝ հետագայում, ինչու չէ, ներդրում կատարելու նպատակով:
Հայաստանյան բանկերը անխոչընդոտ ապահովում են նոր հաճախորդների բանկային ծառայությունների սպասարկումը՝ հայտնեցին գլխավոր դրամատնից: Իսկ թե ի՛նչ ազդեցություն կունենա նոր հաճախորդների ավելացումը, Կենտրոնական բանկից պարզաբանեցին.
ՀՀ կենտրոնական բանկ - Հաճախորդների ավելացումը դրական երևույթ է ցանկացած առևտրային կազմակերպության համար։ Դա նշանակում է շրջանառության աճ և մատուցվող ծառայությունների ավելացում:
Պետք է կարողանալ պահպանել բացված հաշիվների քանակը և միջազգային ստանդարտներին համապատասխան բանկային ծառայություններ մատուցել՝ ընդգծում է Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա՝ սա մեր տնտեսության վրա էական ազդեցություն կարող է ունենալ:
Աշոտ Օսիպյան - Ազդեցությունը մեր տնտեսության վրա, եթե մենք նայենք, դա համախառն ներքին արդյունքի աճն է, որովհետև, ինչպես ես ասեցի՝ մեր նպատակն է ապահովել միջավայր, որպեսզի կարողանան ձեռնարկությունները, մանավանդ Այ Թի ոլորտի ձեռնարկությունները, սպասարկման որոշակի ոլորտի ձեռնարկությունները տեղափոխեն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետություն, և շատ դրական տնտեսական էֆեկտ կարող ենք դրանից ակնկալել:
Մեր բանկային համակարգը ունի բոլոր հնարավորությունները սպասարկել ավելի մեծ թվով հաճախորդների: Մնացածն արդեն կախված է զարգացումներից, բացվող հաշիվների որակից և նպատակից՝ վստահեցնում է Օսիպյանը:
Աշոտ Օսիպյան - Հայաստանը կարող է դառնալ երկիր, որը հետաքրքիր է իր ապահովությամբ, որը հետաքրքիր է իր բիզնես կլիմայով, իր օրենսդրական դաշտով, իր տեղադիրքով, և մենք այստեղ էդ առումով շատ անելիքներ ունենք, որ կարողանանք խրախուսենք, էդ բացված հաշիվները դառնան ներդրումներ, բացված հաշիվները պասիվ ներդրումից դառնան ակտիվ և կարողանան օգուտ տալ մեր տնտեսությանը:
Աշոտ Օսիպյանի խոսքով՝ օտարերկրացիների կողմից Հայաստանում բացված բանկային հաշիվների թվի հետագա աճը կախված կլինի այն ազդակներից, որոնք իրենց ընկերներին կփոխանցեն մեր երկրում արդեն հաշիվ ունեցողները:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան