Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլի Դոլմաբախչե պալատում են, որտեղ մեկնարկել է բանակցությունների հերթական փուլը։ Բանակցությունների մեկնարկից առաջ կողմերին ուղերձով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը մտահոգում է Թուրքիային, որը ճգնաժամի սկզբից բոլոր մակարդակներով փորձել է ջանքեր գործադրել իրավիճակի կարգավորման ուղղությամբ: «Անկարան արդարացի մոտեցում է որդեգրել, որով պաշտպանում է կողմերի իրավունքները բոլոր հարթակներում, որտեղ ձայնի իրավունք ունի»,- նշել է Էրդողանը՝ շեշտելով՝ ժամանակն է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն արդյունք տան:
Բանակցությունների շրջանակում առանձին դեմառդեմ հանդիպում են անցկացնում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Դավիթ Արախամիան:
ՌԴ-Ն ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածք ներխուժելու կամ հարձակվելու մտադրություն չունի՝ PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե մեզ չստիպեն, մենք նման բան անելու մասին չենք մտածի։ Ռուսաստանը Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մտադրություն նույնպես չունի»,- հստակեցրել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից առաջ էլ խախտել է անվտանգային հարցերում Մոսկվայի օրինական շահերը։
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - Հարկավոր է հասկանալ՝ ի՛նչը մեզ ստիպեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսել։ Ռուսական կողմը տասնամյակներ շարունակ բարձրաձայնում էր իր սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի առաջխաղացման հետ կապված մտավախությունների մասին։ Հետո ասացինք՝ հավասար հարաբերություններ ենք ուզում: Ոչ մի արձագանք:
Կրեմլի խոսնակը անդրադարձել է նաև ռուսական գազի վաճառքին՝ նաև զգուշացրել, որ Մոսկվան մտադիր չէ բարեգործությամբ զբաղվել և իր բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար։ Եթե Եվրամիությունը հրաժարվի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց, Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու համապատասխան որոշումներ կկայացնի։ «Չկա վճարում՝ չկա գազ»,- շեշտել է Պեսկովը։
Խոսելով Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունների մասին՝ Պեսկովը դրանք որակել է որպես անձնական վիրավորանք։
«Իշխանության ղեկին Պուտինի մնալու-չմնալու մասին Բայդենի խոսքերը, իհարկե, անընդունելի են: Որոշում կայացնողը ռուս ժողովուրդն է»,- ընդգծել է նա։
ԱՄՆ-Ը ՊՈՒՏԻՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՐՈՒՄ
ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահի պաշտոնանկությանն ուղղված քաղաքականություն չի վարում՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
Նախագահին խնդրել են մեկնաբանել Վարշավա կատարած այցի ժամանակ իր արած արտահայտությունն այն մասին, թե «Պուտինի նման մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես իմ վրդովմունքն եմ հայտնել առ այն, որ վատ մարդիկ չպետք է շարունակեն վատ բաներ անել: Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Բայդենը, այնուհանդերձ, Պուտինի հասցեին հնչեցրած խոսքերը հետ չի վերցրել:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքները։ Նախագահի խոսքով՝ ուկրաինացի պաշտպաններն առաջ են շարժվում Կիևի շրջանում, որի հյուսիսային թևը, այնուհանդերձ, մնում է ռուսական կողմի վերահսկողության տակ։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Օկուպանտներին Կիևից դուրս են մղում, սակայն այդ շրջանում անվտանգության մասին դեռ վաղ խոսել է, մարտերը շարունակվում են։ Ռուսական կողմն ունի ռեսուրսներ և կենդանի ուժ:
Զելենսկին տեղեկացրել է, որ իրավիճակը Չեռնիգովի, Սումիի, Խարկովի մարզերում, Դոնբասում և Ուկրաինայի հարավում շարունակում է լարված մնալ։ Նա հայտնել է նաև, որ նախագահի աշխատակազմին կից կձևավորվի փորձագետների խումբ՝ գնահատելու հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը։
«Խմբում կընդգրկվեն ուկրաինացի և միջազգային փորձագետներ։ Հիմնական նպատակն է թույլ չտալ շրջանցել պատժամիջոցները»,- ընդգծել է Զելենսկին։
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է։ Որպես հիմնավորում նշվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը:
Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Չինաստանը ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցն է։ Ըստ ռազմավարության՝ Միացյալ Նահանգները կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Կորեայից, Իրանից և ծայրահեղական կազմակերպություններից բխող սպառնալիքները:
ԶԱՏՈՒԼԻՆԸ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՊԵՏԴՈՒՄԱ
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով նախատեսվում է հայրենակից ճանաչել բոլոր այն անձանց, որոնք տիրապետում են ռուսերենին։ Մասնավորապես, հայրենակից կարող են համարվել նաև Ռուսաստանի տարածքում պատմականորեն բնակվող ժողովուրդները։ Ըստ նախագծի՝ պետք է հստակեցվի այդ ժողովուրդների ցանկը, որում ներառված են նաև բելառուսները և ուկրաինացիները: