Ստամբուլի Դոլմաբախչե պալատում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների այսօրվա հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է մոտ 3 ժամ։ Բանակցությունների ընթացքին անդրադարձել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Միխայլո Պոդոլյակ (Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական) - Բանակցությունների առանցքային հարցերն են հրադադարը և Ուկրաինային անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը, միայն այդպես հնարավոր կլինի դադարեցնել պատերազմն այնպես, ինչպես Կիևն է ցանկանում։ Քննարկվում են նաև ռազմագերիների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտման դեպքերը։ Առանձին դիտարկվում է ատելության սրման և պատերազմի օրենքների խախտման հարցը:
Կայացած հանդիպումը դրական է գնահատել ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Կիևին բողոք է հայտնել գերեվարված ռուս զինծառայողների խոշտանգման դեպքերի կապակցությամբ։ Ուկրաինական կողմն ընդունել է բողոքը, խոստացել ձեռնարկել ամենախիստ միջոցներ։
Վլադիմիր Մեդինսկի (ՌԴ նախագահի խորհրդական) - Ստամբուլում մենք Ուկրաինայից ստացել ենք հասկանալի ձևակերպված դիրքորոշում: Մոսկվան կուսումնասիրի Կիևի գրավոր առաջարկները: Պայմանագրի վրա արագ աշխատանքի և փոխզիջումներ գտնելու դեպքում՝ խաղաղություն հաստատելու հնարավորությունն առավել մոտ կդառնա: Երկու երկրի նախագահների հանդիպումը հնարավոր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ. ՇՈՅԳՈՒ
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը կշարունակվի, քանի դեռ չենք հասել մեր առջև դրված նպատակներին՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայում ոչնչացվել է շուրջ 600 օտարերկրյա վարձկան, ավելի քան 500-ը լքել են երկիրը:
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են. երկրի բանակին զգալի վնաս է հասցվել, ինչը թույլ է տալիս ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին հասնելու վրա: Դա Դոնբասի ազատագրումն է»,- հայտնել է նախարարը:
Նա ընդգծել է՝ Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ի մի շարք երկրների կողմից Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու դեպքում։
ՌԴ-Ն ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Մոսկվան պատրաստ է ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարման հետ կապված բոլոր հնարավոր սցենարներին՝ նշել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակը:
Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանն այլ ուղղություններով կիրականացնի էներգակիրների մատակարարումնրը, այդ թվում՝ դեպի ասիական շուկաներ, եթե Եվրոպան հրաժարվի ռուսական ռեսուրսներից:
Պաշտոնյան նաև շեշտել է՝ Ռուսաստանը էներգառեսուրսների մատակարարման պայմանագրերի որևէ դրույթ չի խախտել։
ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Իսրայելն ու Թուրքիան քննարկում են իսրայելական Լևիաթան հանքավայրից գազատարի կառուցման հնարավորությունը, ինչը կարող է դառնալ Եվրոպայի հարավ ռուսական գազի մատակարարումների այլընտրանք: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրների ներկայացուցիչներին։ Նշվում է, որ երթուղու վերաբերյալ որոշումներն ու մասնակիցների շրջանակը հայտնի կդառնան առաջիկա ամիսներին:
ՉԺՀ ԵՎ ՌԴ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԱՄՆ ՓՈՐՁԵՐԸ ՉԵՆ ՀԱՋՈՂՎԻ. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ կառավարության փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մեկնաբանել Պենտագոնի կողմից ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը, որում նշվում է, թե Չինաստանը ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցն է։
«Պենտագոնի զեկույցը հագեցած է սառը պատերազմի շրջանի մտածողությամբ և ճամբարային դիմակայության գաղափարախոսությամբ։ Չինաստանն ու Ռուսաստանը մեծ տերություններ են։ Մեզ զսպելու ԱՄՆ-ի ծրագրերը կձախողվեն»,- հայտարարել է նա։