Հայաստանի զինված ուժերում նախորդ տարի հանցագործության 2072 դեպք է արձանագրվել, ինչը 2020-ի համեմատ 31 տոկոսով նվազել է:
Վիգեն Հարությունյան (ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ) - Այնուհանդերձ, այս հանցագործությունների տեսակարար կշիռը հանցավորության մակարդակում շարունակում է բարձր մնալ: Հիմնական պատճառն, ըստ մեզ, եղել է դեռևս 2020 թվականին հայտարարված ռազմական դրության ռեժիմը, որը պահպանվել է նաև 2021 թվականի ընթացքում:
Այս շարքում 10 սպանություն, 40 սպանության փորձ կատարվել է հակառակորդի կողմից, 11-ը պետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքեր են: Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում ռազմական դրություն է եղել, այդ պայմաններում կատարված մի շարք զինհանցագործություններ որակվել են ծանր կամ առանձնապես ծանր:
«Ընդհանրապես, խոսելով 2021 թվականի հանցավորության վիճակի մասին՝ պետք է նկատի ունենալ, որ արձանագրված բոլոր ցուցանիշների վրա ազդեցություն են ունեցել պատերազմական գործողությունների հետևանքներն ու հետպատերազմական իրավիճակը, ինչպես նաև հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»,- նշում է նա:
Ըստ դատախազության ուսումնասիրությունների՝ առավել տարածված են ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով արձանագրված հանցագործությունները.
«Թեև այս հանցագործությունների թվում ևս նվազում ենք ունեցել, այնուհանդերձ, հաշվի առնելով այս հանցագործությունների տարածվածությունը, ինչպես նաև դրանց ուղղակի բացասական ազդեցությունը բանակի մարտունակության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա, արձանագրված ցուցանիշները մնում են անհանգստացնող»:
Էական աշխատանք է կատարվել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում. ավելի քան 400 ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 2.7 միլիարդ դրամի վնաս. վերականգնվել է մոտ 1.2 միլիարդը, մյուսների դեպքով քրեական գործեր են հարուցվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան