Բարձր տրամադրությամբ՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի փորձագետներն ամփոփում են Հայաստան աշխատանքային այցի արդյունքը: Պատմական հարուստ ժառանգությունը, մշակույթը պահպանելու իր երկրի՝ Իտալիայի փորձն է Մարիա Քրիստինա Ջամբրունոն գործընկերների հետ բերել Հայաստան: Այցի նպատակը հայ մասնագետների հետ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ժառանգության պահպանման, օգտագործման մեթոդաբանության մշակումն է:
Մարիա Քրիստինա Ջամբրունո (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի փորձագետ) - Գյումրին շատ մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Քաղաքն ամբողջությամբ մեծ հուշարձան է: Մեր կատարած աշխատանքն անպայման պետք է շարունակություն ունենա: Մեթոդաբանության մեր առաջարկն ունի հուշարձանի պատմական արժեքը պահպանելու միջոցով տուրիզմը զարգացնելու և բնակիչների բարեկեցությունն ապահովելու բաղադրիչ: Պետք է սկսել դատարկ շենքերի վերականգնումից:
Իտալացի մասնագետները եկել են Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ: Քաղաքաշինական պատմական միջավայրի վերարժևորման, պահպանման, վերականգնման միջազգային մեթոդը հիմք կդառնա պատմամշակութային կարևորության այլ բնակավայրերում կիրառելու համար։
Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Գաղափարը եկավ միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակման աշխատանքների շրջանակում: Նախագծում նաև «Կումայրի» արգելոցի գոտևորման աշխատանքն էր: Իրենք ևս արտահայտվելով, որ Գյումրին ուրույն, եզակի ժառանգություն ունեցող և որևէ մեկ այլ բնակավայրի չնմանվող քաղաք է, և համատեղ պետության, գիտության, միջազգային փորձագետների կստանանք գործիքակազմը, որով կկարողանանք կատարել պահպանման աշխատանքները:
Հուշարձան շենքերի, արգելոց-թանգարանի հետազոտական տասնօրյա աշխատանքին միացել են նաև Ճարտարապետության և շինարարության համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները: Իտալացի փորձագետների մշակած հարցաշարի հիման վրա նրանք հավաքել են Գյումրու միջավայրի վերաբերյալ տվյալներ:
Կարեն Թոփլաղալցյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող) - Սովորեցինք՝ ինչպես գնահատել ունեցածը: Մեր ճարտարապետ ուսանողների կողմից եղել է տարածքի չափագրում, իրավիճակի գնահատում, առաջադրելու ենք խնդիրներ, որ բարելավենք թաղամասը:
Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահի գնահատմամբ՝ հետազոտական աշխատանքի արդյունքը մասնագիտական աջակցություն է գոտևորման նախագծի հեղինակներին, այն կկիրառվի նաև Գյումրիի նոր հատակագծի մշակման աշխատանքներում: