Հայոց լեզվի անվճար դասընթացներ՝ հայրենադարձների համար: Ծրագիրը կիրականացնի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
23-ամյա Դիանան, որ տարիքի չափ էլ արտերկրում է ապրել, դասընթացներին մասնակցելու համար առաջին դիմողներից է: Բելառուսից Հայաստան է տեղափոխվել 2021-ի վերջին: Ասում է՝ եկել է, որ էլ ոչ մի տեղ չգնա: Ժամանակի ընթացքում հասկացել է՝ ամեն մարդ պետք է իր հայրենիքում ապրի: Ինչքան էլ այլ երկրներում գրկաբաց ընդունեն, այստեղ հարազատության զգացողությունը լրիվ այլ է:
Դիանա Չոբանյան - Չեմ ուզում ուրիշ տեղ գնալ, հա, կմնամ ստեղ: Հաստատ:
Սա այն քիչ հայերեն արտահայտություններից է, որ Դիանան ինքնաբերաբար արեց տեսախցիկի առաջ: Ավելի ազատ ռուսերեն է հաղորդակցվում, թեպետ ընտանիքում բոլորը միշտ հայերեն են խոսել:
Դիանա Չոբանյան - Ես միակն եմ, որ, չգիտես ինչու, ռուսերեն եմ խոսում: Մանկությանս տարիներին, երբ գալիս էի Հայաստան, ինձ վրա մի քիչ ծիծաղում էին հայերենիս պատճառով: Եվ բարդույթ կամ նման մի բան առաջացավ՝ հանկարծ ինչ-որ բան այնպես չասեմ, և սկսեն ծիծաղել: Հիմա նման բան չկա, ընդհակառակը՝ աջակցում են, խորհուրդ տալիս շատ խոսել՝ արագ սովորելու համար:
Ընտանիքի հետ Հայաստանում հաստատված Դիանան մասնագիտությամբ էկոլոգ-փորձագետ է, Բելառուսում որոշ ժամանակ աշխատել է առողջապահության բնագավառում: Հիմա փորձաշրջան է անցնում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Հույս ունի՝ հետո էլ մշտական աշխատել: Նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար է դիմել: Անհամբեր սպասում է:
Դիանա Չոբանյան - Իմ փոքրիկ երազանքը կկատարվի:
Հայոց լեզվի դասընթացները նախատեսված են հայրենադարձների համար, որոնք Հայաստան են տեղափոխվել վերջին տարվա ընթացքում և փորձում են աշխատանք գտնել:
Մարգարիտա Բաղդասարյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետ, «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն» ծրագրի համակարգող) - Գրասենյակը նկատեց, որ պահանջ կա հայրենադարձներից, թե մարդիկ, ովքեր գալիս են Լիբանանից թե Ռուսաստանից և թե հիմա՝ Ուկրաինայից, այդ պահանջը կա հայերենը բարելավելու, և որոշեցինք, որ հայոց լեզվի անվճար դասեր կազմակերպենք:
Պարապմունքները կանցկացվեն երկու ամիս, շաբաթական 3 անգամ՝ 1.5 ժամ տևողությամբ: Ծրագիրը պիլոտային է: Խմբերը դեռ կլինեն փոքր՝ 15 հոգուց կազմված:
Մարգարիտա Բաղդասարյան - Լինելու են տարբեր իմացության աստիճանների մարդկանց համար, այսինքն՝ մարդիկ, ովքեր գրել-կարդալ գիտեն, բայց խոսակցականն են ուզում բարելավել, իրենց համար է առանձին դաս լինելու: Մարդիկ, ովքեր, օրինակ՝ շատ լավ արևմտահայերեն են խոսում, բայց արևելահայերեն պետք է սովորեն, իրենց համար ադապտացիոն դասեր են լինելու, և նույնիսկ ամենացածր աստիճանի, եթե նույնիսկ գրել-կարդալ չգիտեն, ամեն ինչ պետք է զրոյից սկսեն, նաև նրանց համար:
Դասընթացով հետաքրքրվածների դիմումները ընդունվում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական՝ http://diaspora.gov.am կայքի «Սովորի՛ր հայերեն» բաժնում,մինչև ապրիլի 3-ը: Պարապմունքները նախատեսվում են ապրիլի կեսից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան