Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները: Դրանք տևել են ավելի քան 3 ժամ: Նշվում է, որ խորհրդակցությունները կշարունակվեն արդեն տեսակապի ձևաչափով։
ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները համարել է կառուցողական: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել հստակ ձևակերպված դիրքորոշումներ և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կներկայացվեն երկրի ղեկավարությանը: Ըստ Մեդինսկու՝ Կիևի ներկայացրած առաջարկներն են՝
Վլադիմիր Մեդինսկի (ՌԴ նախագահի խորհրդական) - Ուկրաինան հռչակվում է չեզոք, որևէ դաշինքի չմասնակցող, ապամիջուկային պետություն՝ միջազգային իրավական երաշխիքներով։ Դրանք չեն տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա, այսինքն՝ Ուկրաինան հրաժարվում է վերադարձնել նրանց ռազմական ճանապարհով։ Դա, սակայն, Մոսկվայի դիրքորոշմանը չի համընկնում: Ուկրաինան նաև հրաժարվում է ռազմական դաշինքներին անդամակցելուց՝ իր տարածքում առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնության օտարերկրյա ռազմակայաններ և զորակազմեր տեղակայելուց, ինչպես նաև զորավարժություններ անցկացնելուց։ Միաժամանակ, Ռուսաստանը չի առարկի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ընդառաջում է Կիևին երկու կարևոր կետով։
Վլադիմիր Մեդինսկի - էապես նվազեցնում ենք ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ և առաջարկում Պուտին-Զելենսկի հանդիպում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ։ Սակայն դրա համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։
«Մեր խնդիրը պայմանավորվելն է»,- եզրափակել է Մեդինսկին։
Ուկրաինական կողմը նույնպես ամփոփել է բանակցությունների արդյունքները։ Պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել է, որ Կիևն առաջարկել է Ռուսաստանին ստեղծել անվտանգության երաշխիքների նոր համակարգ։
Դավիթ Արախամիա (Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար) - Մենք չկարողացանք համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն քննարկումները շարունակվելու են։ Երաշխավորների դերում տեսնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։ Անվտանգության երաշխիքները ժամանակավորապես չեն տարածվելու Ղրիմի և Դոնբասի վրա:
Նրա խոսքով՝ կողմերի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է պաշտպանի Ուկրաինային ցանկացած հարձակումից։ Իսկ հնարավոր առճակատման դեպքում երաշխավոր երկրները պարտավոր են եռօրյա ժամկետում ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, տրամադրել սպառազինություն և փակել երկինքը:
Դավիթ Արախամիա - Եթե մեզ հաջողվի համաձայնության գալ այս հիմնական կետերի շուրջ, Ուկրաինան նույն օրը կստորագրի համաձայնագիրը և կընդունի չեզոք կարգավիճակը:
Արախամիան ևս մեկ անգամ շեշտել է՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին միանալու մտքից, սակայն չի հրաժարվի Եվրամիությունից։
Դոնեցկի և Լուգանսկի հարցը նույնպես բանակցությունների սեղանին է։ Ինքնահռչակ հանրապետությունների ապագան պետք է քննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Այս մասին էլ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Ինչ վերաբերում է Ղրիմին, ըստ Պոդոլյակի՝ Կիևը և Մոսկվան պետք է 15 տարվա ընթացքում երկկողմ բանակցություններ վարեն թերակղզու կարգավիճակի շուրջ՝ դրանց ընթացքում բացառելով Ղրիմի ճակատագիրը որոշելու համար ռազմական գործողությունները։
Արևմուտքը հետևում է ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին և պատրաստակամություն է հայտնում՝ աջակցելու Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում Մոսկվայի և Կիևի հնարավոր պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ Վաշինգտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դրական զարգացումներ դեռևս չեն տեսնում: