ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, որոնք մեդալներով են վերադարձել Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից:
Մրցաշարում հայ հրաձիգները հանդես են եկել 12-հոգանոց կազմով և նվաճել են 10 մեդալ՝ 7 ոսկե և 3 արծաթե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն է զբաղեցրել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով` այս արդյունքը շատ պատվաբեր է և պարտավորեցնող. «Շատ ուրախ եմ այս աննախադեպ արդյունքի համար: Վերջապես ֆեդերացիայի նախագահի և մարզիչների նպատակային աշխատանքն արդյունք տվեց: Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում թիմային առաջին հորիզոնականը շատ պատվաբեր է ու նաև շատ պարտավորեցնող»:
Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ ՀՀ Կառավարությունն արդեն դիտարկել է նոր հրաձգարան-մարզադպրոցների կառուցում, ունեն նաև գույքով ապահովելու ծրագիր. «Հուսանք՝ առաջիկայում մենք շատ ավելի լավ արդյունք կունենանք»:
Հիշեցնենք՝ 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: 557 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը:
Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոն են դարձել Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):
Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):
Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը: